Ադրբեջանցիները նորից փորձել են հրդեհել Սոթքի խոտհարքները. «Փաստինֆո»
Ադրբեջանական զինծառայողների սադրած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է 270 հա-ից ավելի արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Թշնամին, սակայն շարունակում է միտումնավոր հրդեհել տարածքները։ Նախօրեին Սոթում բնակիչները ու հրշեջները մարում էին տարածվող հրդեհը, միևնույն ժամանակ ադրբեջանցիները Քարվաճառի շրջանից նորից փորձում էին այրել խոտածածկ տարածքները։ Կրակը մեծ տարածում չի ունեցել: «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
«Երեկ նորից փորձեցին մի հատվածում հրդեհ առաջացնել, հետո հասկացան, որ քամու ուղղությունը իրենց կողմ է, չշարունակեցին։ Փորձում էին լուցկիով վառել, ինչ -որ բան շպրտեցին հեռու, որ դեպի մեր կողմ ընկնի, այդտեղ վառվեց ու բարեբախտաբար կանգնեց, քանի որ քամին ուժեղ չէր։ Եթե հիմիկվա քամին երեկ լիներ, էդ հատվածն էլ կսկսեր այրվել»,- ասել է նա։
Սոթի բնակիչը տեղեկացրել է, որ այն հատվածներում, որտեղ խոտը արդեն այրվել է, վտանգ չկա, սակայն ադրբեջանցիները փորձում են այրել դեռևս մնացած խոտերը։ Նախօրեին՝ երեկոյան, մարած օջախների հրդեհները նորից են բռնկվել։ Այս պահի դրությամբ կրակը դեռ չի տարածվել, քանի որ քամի չկա։ Սոթքում, սակայն սարերից ծուխ են նկատում։ Օջախները նորից կվառվեն, եթե ուժեղ քամի լինի։ Միևնույն ժամանակ գյուղում բոլորը՝ բնակիչները, սահմանը հսկող զինվորները ու Վարդենիսից, Մարտունուց ժամանած հրշեջները փորձում էին մարել կրկին բռնկված հրդեհները։
«Տեխնիկան չի կարողանում սարը բարձրանալ։ Հրդեհը հիմնականում այնտեղ է։ Բնակիչները, բանակը, հրեջները փորձում են միասին հանգցնել կրակը։ Երբ այն իջնում է ավելի ներքև, կանգնեցնում են ընթացքը, բայց վերևի հատվածը, որ արդեն սարն է, թողնում ենք վառվի, չնայած հսկողություն կա»,- նշել է նա։
Սարալանջին հրդեհները հնարավոր է լինում մարել ջրով, սակայն բարձրադիր հատվածներում կրակը մարելու համար հնարավորություններ չկան, ուստի դրանք փորձում են մարել կտորներով, անգամ հագուստով։
«Երբ կրակը ուժեղանում է, քամին այն բերում է դեպի տուկերի, խոտհարքների մոտ, բնակիչը շորն էլ է հանում, կրակը մարելու համար։ Տարածությունը մեծ է, Վարդենիսի ու Մարտունու հրշեջները մեծ աշխատանք են կատարում, բայց ֆիզիկապես իրենք էլ չեն հասցնում։ Մեր աշխատողները հերոսական աշխատանքներ են անում։ Տեղ կա ԱԻՆ-ը գալիս է, ինքն էլ է փորձում շատ դեպքերում շորով կրակը հանգցնել, որովհետև ջրով մեքենան չի կարողանում սար բարձրանալ, քանի որ անհնարին է՝ ճանապարհ չկա։ Որտեղ ներքև է, մեքենան հասնում է՝ ջրով են հանգցնում, որտեղ չէ՝ շորերով, ամեն ինչով»։
Կրակը մարել փորձող բնակիչները ստիպված են նաև անկանոն կրակոցի ձայներ լսել, ադրբեջանցիները ոչ նրանց ուղղությամբ, բայց տարբեր ժամերի նաև կրակում են։
«Մեր ուղղությամբ կրակ չի եղել, անկանոն կրակոցներ կան։ Վախեցնելու միտում ունեն։ Ցանկացած պահի կրակում են, բայց ինտենսիվ չէ, մեկ, երկու կրակոց են արձակում»,- ասել է բնակիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը
- Ադրբեջանական ԶՈւ արարքները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար. ՄԻՊ
- Կութում հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով
- Թշնամին անիվներ է այրում և գլորում ցած՝ հրդեհելով Գեղամասար համայնքի բնակավայրերը․ ArmLur.am
- Կութում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
- Ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան