«Ալեքսանդր Սպենդիարյան-150» փառատոնի շրջանակում երկու պրեմիերա է լինելու
«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-5-ը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը արվեստասեր հասարակությանը հրավիրում է Գյումրի:
«Նախաձեռնել ենք մի լավ ծրագիր, որը կկայանա Գյումրիում: Փառատոն է, որն իր մեջ ներառում է գիտական մաս՝ սեպտեմբերի 4-ին, աննախադեպ համերգ սեպտեմբերի 5-ին, որին մասնակցելու են հայ անվանի երաժիշտները, նաև պատանի երաժիշտները»,- ասուլիսում ասաց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նա նշեց, որ այսպես ցանկացել են կայացնել մշակութային երկխոսությունը, նաև ապահովել Սպենդիարյանի ստեղծագործությունների շարունակականությունը:
Սեպտեմբերի 4-ին ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա հանդիպում «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով: Դասախոսություններով հանդես կգան Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը, կցուցադրվի «Իրականացած երազանք» տեսաֆիլմը (hեղինակներ՝ Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողներ Ի. Խաչատրյան, Տ. Տանանյան), ԵՊԿ կոնսերվատորայի ուսանողների մասնակցությամբ կկայանա համերգ:
Սեպտեմբերի 5-ին ժամը 20:00-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում նախատեսված է բացօթյա համերգ, որին մասնակցում են՝ անվանի դաշնակահարներ՝ ՀԽՍՀ ժող․ արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ՝ ՀՀ ժող․ արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ ՀԽՍՀ ժող․ արտիստ Էդուարդ Թադևոսյան), Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
Մարինե Օթարյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ի համերգին երկու պրեմիերա է լինելու՝ Սպենդիարյանի «Գուշակուհին» ստեղծագործությունը քառաձեռք փոխադրումներ դաշնամուրի համար, կատարելու են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաները, երկրորդ՝ Հայկ Մելիքյանի հեղինակած Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից Ալմաստի պարը, Հ.Մելիքյանն արել է դաշնամուրային փոխադրումը:
Ասուլիսին ներկա Հայկ Մելիքյանն ասաց, որ երբեք չէր պատկերացնում, որ Սպենդիարյանի ստեղծագործությունները կմտնեն իր նվագացանկ, երբեք չի կատարել Սպենդիարյանի ստեղծագործություններից, բայց հրավեր է ստացել մասնակցել փառատոնին ու միանգամից անցել է գործի:
«Բոլորս գիտենք «Ալմաստ» օպերան, մենք կրթվել ենք դրանով, բայց դաշնամուրային ստեղծագործություններին շատ ծանոթ չէի, կարծես ինձ համար բացահայտում էր»,- ասաց դաշնակահարը:
Նա վստահ է, որ Սպենդիարյանի ստեղծագործությունները կմտնի իր ծրագիր և կհնչի նաև եվրոպական բեմերում:
Մարինե Օթարյանը հիշեցրեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն 40-րդ գագաթաժողովին ընդունել էր «Սպենդիարյան 150»-ը հռչակավոր մարդկանց օրացույցում, ինչը վկայում է այն մասին, որ «Սպենդիարյան 150»-ը նշվելու է ոչ միայն Հայաստանում, նաև արտասահմանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան