InClassic. Ինչպես ընդամենը երկու ամսում մեկտեղվեցին աշխարհահռչակ երաժիշտներ, նվագախմբեր ողջ աշխարհից
Արդեն մի քանի օր է Դուբայում տեղի է ունենում InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը, որն իր շուրջ է համախմբել աշխարհահռչակ երաժիշտների։ Մինչև սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր և 12 անվանի դիրիժորներ։
Փառատոնային համերգներն անցկացվում են Dubai Opera-ում և Մերձավոր Արևելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։։ Համաշխարհային դասական երաժշտության փառատոնին մասնակցում են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դենիս Մացուևը, Ալեքսանդր Կնյազևը, Սերգեյ Խաչատրյանը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, որոնք փառատոնային համերգների ընթացքում ներկայացնում են ոչ միայն Բախի, Բեթհովենի, Վերդիի, Դվորժակի, Մենդելսոնի, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Չայկովսկու և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այլև ժամանակակից կոմպոզիտորների գործեր։ Մանսավորապես, փառատոնի շրջանակներում հնչում են ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։
Նշենք, որ InClassica հոբելյանական փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։
Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնի անցկացման նպատակը մեկն է՝ դասական երաժշտության առաջընթացը, իսկ դա կարելի է անել տարբեր ճանապարհներով։
«Փառատոնին հրավիրելով աշխարհահռչակ արվեստագետների, մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ՝ ինչ է դասական երաժշտությունը։ Գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունը բավարար չափով տարածված չէ։ Այդ պատճառով մարդիկ՝ լսելով նման մեծ երաժիշտների, հասկանում են՝ որքան հիասքանչ է դասական երաժշտությունը, և սկսում են հաճախակի գնալ համերգների։ Դա բերում է նրան, որ նաև հասարակությունն է զարգանում»,- ասաց Կոնստանտին Իշխանովը։
Բացի այդ, ըստ նրա, փառատոնի շրջանակներում կազմակերպում են կրթական միջոցառումներ` մաստեր-կլասեր, որոնց հրավիրում են մեծ թվով ուսանողներ, երիտասարդներ, ինչպես նաև արդեն կայացած դաշնակահարներ։
Կոնստանտին Իշխանովի խոսքով՝ այս տարվա փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև «Classic piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը, որի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Մաստեր-կլասերի ժամանակ երիտասարդները շփվելով պրոֆեսորների հետ՝ ինչ-որ նոր բան են ստանում, զարգանում են, և այդպես մենք ստանում ենք ապագա աստղեր»,- ասաց նա։
Նշենք, որ «Classic piano»-ի առաջին փուլին մասնակցել է 70 երաժիշտ, որոնք 2019-2020 թթ․ Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։
Ինչ վերաբերում է կորանավիրուսի համաճարակով պայմանավորված դժվարություններին, Կոնստանտին Իշխանովն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախատեսում էին փառատոնն անցկացնել Մալթայում, սակայն սահմանափակումների պատճառով այն այնտեղ տեղի չունեցավ։
«Երկու տարի պատրաստվում էինք փառատոնին, սակայն համավարակը խանգարեց և պայմանավորված սահմանափակումներով՝ որոշվեց այն անցկացնել Դուբայում։ Ընդամենը երկու ամսում ստիպված էինք այլ վայր տեղափոխել։ Անկասկած, դժվարությունները շատ էին՝ կապված նվագախմբերի, երաժիշտների ծրագրերի հետ, կրկին պետք է համերգային հարթակներ գտնեինք։ Նման թվով աստղերին, նվագախմբերին մեկտեղելն իսկապես բարդ խնդիր էր»,- նշեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի տնօրենը։
Կոնստանտին Իշխանովը նաև ասաց, որ փառատոնին մասնակցում են նվագախմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Գերմանիայից, Իսրայելից, Մալթայից։ Ցավոք, ըստ նրա, եղել են նվագախմբեր, որոնք սահմանափակումների պատճառով չեն կարողացել ներկա գտնվել։
Բարձր գնահատելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական վարպետությունը, նա նշեց, որ նվագախմբի հետ ոչ միայն համագործակցում են, այլև համատեղ մի շարք միջոցառումներ են կազմակերպում։ Իշխանովը, մասնավորապես, կարևորեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի անցկացումը, որին մասնակցել են նաև InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնում ներկայացված աշխարհահռչակ երաժիշտներ։
«Մենք շատ հաջող համագործակցում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ աստիճանաբար կհասնենք նրան, որպեսզի այն փառատոնը, որն անցկացվում է Հայաստանում, վերածվի նման մեծ իրադարձության։ Իհարկե, դրա համար ժամանակ է պետք, իսկ ներկայումս դրան խանգարում է համավարակը»,- նշեց Կոնստանտին Իշխանովը։
Ի դեպ, փառատոնի շրջանակներում հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ Դուբայի օպերային թատրոնում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Լուսանկաները՝ Panorama.am-ի և Ալեքսեյ Մոլչանովսկու։
Հարակից հրապարակումներ`
- Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը