Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 5-ին «InClassica» փառատոնի շրջանակներում Դուբայի օպերային թատրոնում կներկայացնեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, իրենց տեղեկություններով, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ է հնչելու Դուբայի օպերային թատրոնում և ընդհանրապես ԱՄԷ-ում։
Նվագախմբի տնօրենը վստահ է, որ այն ջերմ ընդունելության կարժանանա օտարազգի հանդիսատեսի կողմից։
Սարգիս Բալբաբյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 5-ին կայանալիք համերգի ժամանակ կհնչի Մուսորգսկիի «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը։
«Սա կարևոր համերգ է մեր նվագախմբի համար, քանի որ համավարակից հետո հանդես է գալու այսպիսի մեծ ծրագրով։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նվագախումբը փայլուն հանդես կգա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում անցկացվող «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնին։ Այն իրականացվում է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» (EUFSC) և «SAMIT Event Group»-ի օժանդակությամբ։ Փառատոնի շրջանակում նաև անցկացվում է «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը, որի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Անդրադառնալով նվագախմբի գործունեությանն ու «InClassica» դասական երաժշտության միջազգային փառատոնին մասնակցությանը՝ Սարգիս Բալբաբյանը նախ ասաց, որ առաջին անգամ չեն համերգներով ելույթ ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ըստ նրա՝ համավարակից առաջ էլ հանդես են եկել Դուբայի օպերային թատրոնում։
Ինչ վերաբերում է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությանը, նա նշեց, որ նվագախումբը հիմնադրամի հրավերով 2018 թվականին մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։ Ավելին, եղել է փառատոնի պաշտոնական՝ ռեզիդենտ նվագախումբը։
Այսքանով Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությունը չի սահմանափակվել։
«Հիմնադրամը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կարևոր գործընկերներից ու աջակիցներից է։ Դրա վառ վկայությունը 2020 թվականին կազմակերպված համերգներն են»,- ընդգծեց Սարգիս Բալբաբյանը։
Նրա խոսքով՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսել էր եվրոպական համերգային շրջագայությամբ՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը։ Մասնավորապես, առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս հնչել է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն գործերից է։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիկ այս ստեղծագործությունը եվրոպացների կողմից արժանացել է ջերմ ընդունելության:
«Դա մեծ ձեռքբերում էր, քանի որ այս գործն առաջին անգամ հնչեց Եվրոպայում։ Այդ ստեղծագործության ձայնագրությունները շուտով տեղ են գտնելու դասական երաժշտության օնլայն ալիքներում»,- ասաց նա։
Ի դեպ Եվրոպայում տեղի ունեցած համերգներին նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը՝ ներկայացնելով Մաքս Բրուխի‚ Մորիս Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Անդրադառնալով InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնին՝ Սարգիս Բալբաբյանը նշեց, որ այն իսկապես աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, քանի որ համավարակից հետո սա մեծ հնարավորություն է աշխարհահռչակ արտիստների, ինչպես նաև նվագախմբերի համար՝ մաս կազմելու այս մեծ երաժշտական իրադարձությանը։
«Յյուրաքանչյուր օր դասական երաժշտությունը գնահատողները հնարավորություն ունեն լսելու աշխարհի լավագույն մենակատարներին ու նվագախմբերին, որոնք ներկայացնում են ռուս և եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ։ Մեր նվագախմբի համար էլ շատ կարևոր է օտարազգի հանդիսատեսին ներկայացնել հայ կոմպոզիտորների գործերը։ Ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք ներկայացնել հայ կատարողական արվեստը»,- նշեց նա։
Ըստ Սարգիս Բալբաբյանի՝ մինչ այս փառատոնին մասնակցելը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսին հասցրել էր համերգային ծրագրով հանդես գալ Դուբայում. «Նվագախումբը սպասված հյուր է այստեղ և ուրախ եմ, որ չնայած սահմանափակումներին, համերգներն անցնում են լեցուն դահլիճներում»։
Նա նաև տեղեկացրեց, որ Դուբայում անցկացվող «InClassica»10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի երրորդ և չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այսպիսով, նվագախումբ համագործակցում է նաև տարբեր կատարողական դպրոցին պատկանող դաշնակահարների հետ։
Հարցին, թե արդյոք փառատոնի շրջանակներում Հաաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության այլ հրավերներ ստացել է, Սարգիս Բալբաբյանն ասաց, որ մինչև համավարակը մեծ թվով հրավերներ ունեին, և նախատեսում էին հաճախ համերգներով լինել արտերկրում։
«Ցավոք, կան հյուրախաղեր, որոնք համավարակի պատճառով հետաձգվեցին, սակայն հուսով ենք, որ մոտ ապագայում տեղի կունենան Լոնդոնում, Մալթայում, Ավստրիայում պլանավորած համերգները»,- ընդգծեց նվագախմբի տնօրենը։
Այդուհանդերձ, ըստ նրա, նվագախումբը հրավերների պակաս չունի։ Ըստ նրա՝ «InClassica» փառատոնին մասնակցող աշխարհի լավագույն երաժիշտների զգալի մասն արդեն եղել են Հայաստանում՝ համերգային ծրագրերով հանդես գալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
«Փառատոնին մասնակցող երաժիշտներից ոմանց հետո ունենք պայմանավորվածություն առաջիկայում համագործակցելու համար։ Մասնավորապես, նախատեսվում են համերգներ աշխարհի լավագույն երաժիշտներ Մաքսիմ Վենգերովի,Անդրեաս Оտենզամերի, Ալեքսանդր Ռոմանովսկու, Գիլ Շահամի և այլ արտիստների հետ, որոնք համարվում են աշխարհի լավագույն երաժիշտներ»,- ասաց նա՝ հավելելով, որ նվագախումբն այսօր էլ Հայաստանում շարունակում է համերգները և կարող են ասել, որ ունեն այնքան համերգներ, որքան առաջ։ Ըստ նրա՝ նոր համերգաշրջանը լինելու է շատ ակտիվ, մասնավորապես, նախատեսում են տարեկան ունենալ 45 համերգ Հայաստանում, 15 համերգ` արտերկրում, որոնք արդեն պլանավորման փուլում են։ Բացի այդ, շարունակելու են արդեն ավանդական դարձած նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- InClassic. Ինչպես ընդամենը երկու ամսում մեկտեղվեցին աշխարհահռչակ երաժիշտներ, նվագախմբեր ողջ աշխարհից
- Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին