Արցախի միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումը՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրները
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ Ստեփանակերտում անցկացվել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացման պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ներկայացվեցին Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթություններն ու Հայ դատի Արցախի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:
Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների և ՀՀ խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը նշել է, որ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդը, համախորհուրդ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հետ, որոշեց Արցախում Հայ դատի գրասենյակի բացման միջոցառումն անցկացնել հենց այս պատմական օրը՝ մի կողմից արժևորելու անկախ պետականության 30 ամյա ընթացքն ու անկախության գործընթացի անշրջելիությունը, իսկ մյուս կողմից վերահաստատելու այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են մնալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները։
Պաշտոնական ընդունելությանը ողջյունի խոսք էր հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ նշելով, որ 2020թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44 օրյա պատերազմի արհավիրքը և հետեւանքներն անշուշտ խոցեցին մեր ազգային արժանապատովությունը, բայց Դաշնակցության համար Արցախյան այս վերջին պատուհասը լոկ ժամանակավոր նահանջ է. Արցախահայությունը, ինչպես նաև հայ ժողովուրդն առհասարակ, իր մեջ ունի բավարար ներուժ ձգտելու՝ ոտքի կանգնեցնելու Արցախը, ապրեցնելու անկախ ու հայատրոփ ոգով և հարատև զարգանա մինչև վերամիավորումը մայր Հայաստանին:
Անդրադառնալով նորահաստատ գրասենյակի առաքելությանը՝ Տեր-Խաչատուրյանը նշել է․ «Մեր գրասենյակի առաքելության մաս պետք է կազմի՝ Արցախի հարցով աշխատանքները խթանելու համար նյութերի և տեղեկությունների փոխանցումը, Արցախի համապատասխան մարմինների և կառույցների հետ առօրյա հարաբերությունը, Արցախ այցելութիւնների սատարումը, Հայ Դատի Կենրոնական գրասենյակի աջակցությամբ խորհրդաժողովների կազմակերպումը, Արցախի բարեկամների միջազգային ցանցի ընդլայնումը և առհասարակ Հայ Դատի աշխատանքների քարոզչությունը Արցախահայության շրջանում։ Այսպիսով Հայ Դատի Արցախի գրասենյակ գալիս է միանալու ՀՅԴ Բյուրոյի անմիջական վերահսկողության տակ գործող մեր կենտրոնական գրասենեակների ցանցին»։
Իր խոսքում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը բարի երթ է մաղթել ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակին՝ հույս հայտնելով, որ այն կկարողանա հասարակության կարող, առողջ ուժերը համախմբելով լուծում տալ համազգային հիմնական մարտահրավերներին:
Արթուր Մոսիյանի խոսքով՝ այսօր առկա են բազում մարտահրավերներ և խնդիրներ, բայց ամենաառաջնայինն անվտանգությունն է, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը և ստեղծված ծանր բարոյահոգեբանական վիճակի հաղթահարումը:
«ՀՅԴ իր ողջ աշխարասփյուռ կառույցով, ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ախտորոշել են այս հիմնական մարտահրավերները և պատրաստ են բոլոր կարողությունները ի սպաս դնել հայրենիքի փրկության և այս մարտահրավերները քայլ առ քայլ լուծելու ուղղությամբ»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:
Ողջունելով գրասենյակի բացումը Ստեփանակերտում՝ Արցախի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը։
Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձել է արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին՝ այդ համատեքստում կարևորելով Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու միջազգային ճանաչման գործընթացը:
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը խոսել է փոփոխվող քաղաքական իրավիճակի և ըստ այդմ Հայ դատի գրասենյակների ծավալած գործունեության մասին:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Կիրո Մանոյանը նշել է, որ ՀՅԴ ՀՅԴ հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների Արցախի հարցով աշխատանքներն ունեն չորս ուղղությամբ.
«Առաջինը Արցախի մարդասիրական օժանդակությանը միջազգային մասնակցություն ապահովելն է: Երկրորդը՝ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ճանաչումն է: Խոսքը միայն դատական գործերի, քաղաքական հայտարարությունների մասին չէ, այլ որ քաղաքական ուժերը իրենք ընկալեն, որ կատարվածը ագրեսիա էր: Երրորդը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցն է, ինչպես նախատեսված է Արցախի Սահմանադրությամբ: Եվ վերջին ուղղությունը՝ Արցախի կարգավիճակի ճշտումն է կամ միջազգային ճանաչումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի կիրառման փաստի վրա: Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է մի քանի անգամ՝ սկսած 1991թ. դեկտեմբերի հանրաքվեից մինչև Սահամանդրության ընդունումը: Այս հիմնական ուղղությամբ է, որ ավելի քան 30 երկրների մեր կառույցներն աշխատում են»:
ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքները ղեկավարելու է Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահի պաշտոնակատար, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգի Պետրոսյանը։
Միջոցառման ընթացքում Արցախի ժողովրդին շնորհավորանքի և քաջալերանքի ուղերձներ են հղել Արցախի միջազգային բարեկամների “Pro Artsakh” ցանցի անդամ-օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխարհի տասը երկրներից։
Կից ներկայացվում է նրանց անունները։
Ֆրենք Փալոուն- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ
Դավիթ Վալադաո- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ
Ադամ Շիֆ- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ
Անն Էշոու- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ
Ջիմ Կոստա- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ
Ջուդի Չու- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ
Ջեյմս Մըք Գովերն- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ
Կոնստանտին Զատուլին- Ռուսաստանի Դաշնությանն Պետական Դումայի պատգամավոր
Ֆաբիո Մասիմո Կաստալդո- Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ
Լուկաս Ֆուրլաս- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր
Սթելիոս Քիմպուրոփուլոս- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր
Էլենի Թեոխարուս- Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր 2009-2019թթ․
Քերոլայն Քոքս- Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ
Ժորժ Դալեման- Բելգիայի Դաշնային Խորհրդարանի պատգամավոր
Կառլ Վանլաուե- Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության շրջանակի նախագահ
Լեո Հուսաքուս- Կանադայի Սենատի անդամ
Հուգ Մըք Դերմոթ- Ավստրալիա Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ
Լիլյան Քեչիչյան- Ուրուգվայի Հանրապետության Սենատի անդամ
Սուսաննա Բերեյրա- ւրուգվայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր
Հարի Վան Բոմել- Նիդերլանդների Խորհրդարանի նախկին անդամ
Ագնեսա Մյուլդեր- Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները ներկա են գտնվել Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացման արարողությանը
- Այսօր Ստեփանակերտում կբացվի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը