«Ոսկե ծիրան». Տեսնում ենք լույսը թունելի վերջում, բայց դեռևս գտնվում ենք թունելի մեջտեղում
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10-ը:
««Ոսկե ծիրան» փառատոնը կարևոր է մեր երկրի մշակութային վարկանիշի բարձրացման տեսակետից և հենց այդ գիտակցումն է, որ արդեն երկրորդ տարին աննկարագրելի դժվարություններ անցնելով, աննկարագրելի խոչընդոտներ հաղթահարելով, բայց միաժամանակ գիտակցելով, թե որքան բարդ է արժեք ստեղծելը և արժեք ձևավորելը, շատ ավելի բարդ է այդ արժեքը պահելը, անկասելի պահելը, մենք անցկացնում ենք փառատոնը»,- ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նա նշեց, որ անկախ բոլոր օբյեկտիվ պատմաքաղաքական խոչընդոտներից, բարդություններից ու հանգամանքներից, «Ոսկե ծիրանի» թիմի հետ չեն ընդհատում միջազգային լավագույն փառատոնի կյանքն ու ընթացքը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է, ով Կաննի վերջին փառատոնում ընդգրկված էր ծրագրերից մեկի ժյուրիում ու արել էր ծրագրերից մեկի պաստառը:
«Այն հայեցակարգը, որն որդեգրել էր ու փորձել էր փոխանցել՝ միջանցիկությունն է, տարանցիկությունը, այսինքն այն իրողությունը, որում մենք գտնվում ենք՝ հետպատերազմական, հետհամաճարակային, չնայած ոչ ամբողջական, հետքաղաքական, տարբեր բաներ, որոնք թողել ենք մեջքի հետևում, գնում ենք առաջ, բայց դեռևս գտնվում ենք ինչ-որ պրոցեսների արանքում: Այսինքն՝ տեսնում ենք լույսը թունելի վերջում, բայց դեռևս գտնվում ենք թունելի մեջտեղում: Լույսը նաև կինոյի էկրանն է, մթության մեջ լույսը: Այսինքն տարբեր խորհրդանիշներն ու այլաբանություններն են այդ հայեցակարգի հիմքում»,- մանրամասն ներկայացրեց Կ. Ավետիսյանը:
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ են փառատոները շարունակում գոյատևել, ինչո՞ւմ է փառատոնի կարևորությունը, երբ կինոն հիմա բոլորի տներում է:
«Փառատոնը ոչ միայն պատկերի ու ինֆորմացիայի ընկալում է, այլ հավաքական փորձառություն է, հավաքական ծես: Շատ կարևոր է այդ հավաքական փորձառությունը: Եվ այս դեպքում, եթե բովանդակությունն ուղղված է այդ հավաքական հաղթահարմանը, ապա կինոփառատոնը ստանձնում է լրիվ այլ նպատակ ու թիրախ»,- ասաց նա:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը հայտնեց, որ փառատոնի պատվավոր հյուրը լինելու է համաշխարհային կինեմատոգրաֆիստ, 20-րդ դարի կինոյի խոշորագույն սցենարիստ Փոլ Շրեդերը: Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Տաքսու վարորդը», «Կատաղած ցուլ», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարի հեղինակն է: Նրա մասնակցությամբ անցկացվելու են վարպետության դասեր: Փոլ Շրեդերին հանձնվելու է «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում նշանակալի ավանդի համար:
Փառատոնի հյուրերից է լինելու նաև իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդը: Նրա վերջին՝ «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ կբացվի երևանյան փառատոնը:
Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոայի հայտնի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն: Կ. Ավետիսյանի խոսքով, նրա վարպետության դասը կմիավորի և թատերական, և կինեմատոգրաֆիկ հանրությանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյակի առիթով ցուցադրվելու է ցուցաշար՝ 1991 թվականի երեք լիամետրաժ ֆիլմեր, որոնք ստեղծվել են հենց պետականության ակունքներում՝ Դավիթ Սաֆարյանի «Կորստված դրախտ», Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմեա», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյան երկիր»:
Փառատոնը մեկ շաբաթյա պաշտոնական ավարտից հետո կունենա որոշակի շարունակականության, որոշ ծրագրեր կընթանան նաև փառատոնից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները