Կովերի վրա կրակողին գտել են
Ոստիկանության Ճամբարակի բաժին սեպտեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին:
Ոստիկանության փոխանցմամբ, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։ Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։