Այսօր ԱԻՆ աշխատողի օրն է
Արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր։
1988 թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:
1991 թ. հուլիսի 17-ին Հայաստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 462 որոշմամբ, Սերգեյ Բալասանյանի, Վարդան Ամիրբեկյանի և մյուսների ջանքերով, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀ ՍՊԱԾ): Գերատեսչությունը կազմակերպելու էր բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը: Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվելով տարածաշրջանում ոլորտի առաջատար: Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի կազմակերպման փորձն արժանացավ ՄԱԿ-ի ՍԱՍԱԿԱՎԱ-ի «Վտանգի նվազեցման և աղետների կանխման գործում ակնառու ներդրման համար» հատուկ մրցանակին, որը 1998թ. հոկտեմբերի 4-ին Ժնևի Ազգերի պալատում հանձնվել է ՀՀ ՍՊԱԾ-ին:
1991 թ. ստեղծվում է Արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող ՔՊ շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991 թ. վերջին դրվում է Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե' հայեցակարգային, թե' մասնագիտական, թե' իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից և ռիսկի գնահատումից:
ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին.
- աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը.
- աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:
1994 թ. Հայաստանը դառնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:
«Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու, մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհարվիրքներից պաշտպանելու հրամայականն է:
Իսկ դրա համար մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք մասնագիտական պատրաստվածության բարձացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը»,-ասված է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ նախարար Անդրանիկ Փիլոյանի հղած ուղերձում։