ԱՄՆ պետքարտուղար. Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, ուղերձում Էնթոնի Բլինքենը մասնավորապես, նշել է.
«Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար։
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։
Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։
Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան