Գերմանիայի Հալլեի համալսարանում կայացել է Հայագիտական ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ Համաժողովը
Սեպտեմբերի 2-ից 4-ը, Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում տեղի է ունեցել Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (Association internationale des études arméniennes - AIEA) 15-րդ Ընդհանուր Համաժողովը, որն այս տարի ընթացավ առցանց ձևաչափով՝պայմանավորված համաճարակային իրավիճակից բխող սահմանափակումներով, ինչը սակայն, որևէ կերպ չխոչընդոտեց մասնակիցների մեծ թվով ներգրավվածությանն ու աննախադեպ ակտիվությանը: Հայագիտության ոլորտում այս կարևոր իրադարձությունը նշանավորվել է նաև նրանով, որ այս տարի այն հոբելյանական է՝ լրանում է Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 40 ամյակը: Ընկերությունը հիմնադրվել է 1981 թ-ին:
Անկախ լրագրող, հետազոտող, թարգմանիչ Աննա Վարդանյանի փոխանցմամբ, երեք օր շարունակ՝ շուրջ 100 ներկայացուցիչ՝ աշխարհի 20 երկրներից, այդ թվում՝ հեղինակավոր պրոֆեսորներ ու գիտնականներ, քննարկեցին հայագիտության տարբեր ոլորտներին առնչվող արդի խնդիրներն ու մարտահրավերները:
Գիտաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես են եկել և մասնակիցներին իրենց ողջույնն են հղել AIEA-ի նախագահ Վալենտինա Կալցոլարին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի փոխնախագահ Վուլֆ Գալլերթը, Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտի (GWZO) տնօրեն Քրիստիան
Լյուբքեն , ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հալլեի համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի ղեկավար, AIEA Գիտակազմակերպչական հանձնախմբի անդամ, դոկտոր-պրոֆեսոր՝ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը։
ՀՀ դեսպանն իր ելույթում հատուկ անդրադարձ է կատարել համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների լայն աշխարհագրությանը` այս համատեքստում ընդգծելով գիտության և մշակույթի միջոցով պետությունների և ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու և համագործակցությունը խորացնելու առանձնահատկություններն ու կարևորությունը։
Արտերկրում հայագիտության զարգացմանն ուղղված քայլերի առումով շեշտել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի արժեքավոր գործունեությունը և ունեցած երկարամյա ավանդը:
Կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր՝ Արմենուհի Դրոստ-Աբգարյանն, իր հերթին, մեծ պատիվ է համարել AIEA 15-րդ հոբելյանական Համաժողովը Հալլեում հյուրընկալելու փաստը, միաժամանակ՝ հիանալի նվեր՝ Մեսրոպ հայագիտական կենտրոնի ծննդյան տարեդարձին ընդառաջ, որն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 6 -ին: Իր խոսքում տիկին Աբգարյանը շեշտել է, որ չնայած համաճարակով պայմանավորված առկա խոչընդոտներին՝ Համաժողովը հավատարիմ է իր որդեգրած ուղուն և վճռական՝ հետևելու հայագիտության ոլորտում կարևոր հետազոտություններին և օժանդակելու գիտնականների փորձի փոխանակմանը: Այս տարի Համաժողովի պաստառը և ծրագրային բուկլետը խորհրդանշական կերպով ձևավորված էին 12-րդ դարի Արցախի ավետարանների պատկերով, որը Գերմանիայում ամենահին հայկական ձեռագիրն է և պահվում է Հալլեում:
Համաժողովի եռօրյա նիստերի և դասախոսությունների ընթացքում հայ և այլազգի գիտնականների , ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների կողմից անդրադարձ է կատարվել արդի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը, հայ միջնադարյան գրականության և բանահյուսության արժեքավոր գործերի քննությանը, արծարծվել են Իրավունքի պատմութան, քաղաքագիտության, միջմշակութային հարաբերություններին առնչվող հարցեր: Լիագումար 3 նիստերի ընթացքում հիմնական դասախոսություններով հանդես են եկել՝ Վահե Թաշչյանը (Բեռլին)՝ Օսմանյան շրջանի Հայոց պատմության և հայկական մշակութային ժառանգության պահպանության դիտարկումներով, Քրիստինա Մարանչին (Բոստոն)՝ Հայկական եկեղեցիներում որմնանկարների մասին նոր վկայություններով, իսկ զուգահեռ ընթացող՝ թվով 20 նիստերի ընթացքում հայագիտության թեմաներով ներկայացումներ են ունեցել ավելի քան 90 մասնակից, այդ թվում՝ Միքայել Սթոունը, Յանա Չեկանովեցը (Երուսաղեմ)՝ Սուրբ Երկրում հայկական հնագիտության նոր հայտնագործություններով, Ռուբինա Փերումյանը (Լոս Անջելես)՝ Հայաստանում Ստալինի ահաբեկչության թագավորության, Ցեղասպանության վերապրածների հուշերի վկայություններով և այլն:
Հայկական մշակույթի ուսումնասիրությունը Գերմանիայում արմատներ է գցել դեռևս Ռեֆորմացիայի և Լուսավորության դարաշրջանում, ավելին՝ հայոց լեզուն դարձավ Հալլե քաղաքում Ֆրանկեի հիմնադրամների կրթական ծրագրի անբաժանելի մասը: Այս ավանդույթը արմատավորվել է նաև արդի ժամանակաշրջանում՝ և 2010 թվականից սկսած արդեն Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանում հայագիտությունը ուսումնական ծրագրի մաս է կազմում, որտեղ գործում է արտապլանային հայագիտական ամբիոն, որը եզակի է Գերմանիայում ՝ իրեն կից գործող Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնով հանդերձ:
2021 թվականին Մեսրոպ հայագիտական կենտրոնի և Լայբնիցի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է ամրապնդել Հայագիտությունը Կենտրոնական Գերմանիայում երկարաժամկետ հեռանկարում: Երկու գիտական հաստատությունների փոխգործակցության հիմքում ընկած է փորձի փոխանակումը, համատեղ գիտական և ուսումնական միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև՝ հայագիտության ոլորտում արժեքավոր հրապարակումների տպագրությունը: Հետագայում նախատեսվում է կենտրոնական Գերմանիայում համապատասխան հետազոտական ենթակառուցվածքի ինստիտուցիոնալ համախմբում:
Համաժողովի մանրամասները՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան