Սերժ Սարգսյանի պաշտպանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց ներկայացրեց դատարան
Փաստաբան Ամրամ Մակինյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի:
«Րոպեներ անց հայցադիմումը կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:
Պահանջում ենք հերքումը ներկայացվի այն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել էր, այսինքն Ազգային ժողովի ամբիոնից»,- դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա փոխանցմամբ, հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, համոզված են, դատարանն իրենց հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խ. Սուքիսյանին տեղեկությունները հերքել:
«Այս իշխանությունները մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, դրա արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, գեներացրել են շատ մեծ քանակությամբ ատելություն, որի արդյունքում ունենք այն, ինչ հիմա ունենք:
Հրապարակային հայտարարում եմ՝ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք, և այս իշխանությունները հնարավորություն չեն ունենալու այլևս օգտվել մեր համբերությունից, մեր բարի կամքից, հասարակության լայն զանգվածների շրջանում սուտ տեղեկություններ, հերյուրանքներ հրապարակելով՝ անվանարկել մարդկանց, որոնց գործունեության արդյունքում, աշխատանքի, ջանքի ու նրանց կյանքի արդյունքում մենք հիմա կանգնած ենք այստեղ:
Այլևս չենք հանդուրժելու, որ մեկը ասի մի սուտ, վերցնեն, պտտեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այդ սուտը դարձնեն մեծ փուչիկ և անընդհատ ներկայացնեն»,- ասաց Ա. Մակինյանը:
Նա հիշեցրեց, որ նախընտրական շրջանում ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին հերքել սուտը, որը հիմա հերքելու պահանջով հայցադիմում են ներկայացնում, կամ փաստեր ներկայացնեն: Նրա խոսքով, ի վերջո Սերժ Սարգսյանն իր լուծումը տվեց այդ հարցին:
«Չի կարելի այսպես, չի կարելի այսպես առաջ գնալ: Որևէ մեկը չի մոռացել, թե 2018 ապրիլին Փաշինյանը ինչ էր խոսում արագաչափերի սեփականատիրոջ մասին, վերագրվում էր երրորդ նախագահի եղբորը: Հիմա այդ մասին որևէ բան չի խոսում, նույն ռեժիմով մի բան էլ ավելացված ռեժիմով մարդկանց տուգանում են:
Որևէ մեկը չի մոռացել բացված բազմաթիվ գործարանները, որոնք այսօր չեն աշխատում, բացվել ու նույն օրը փակվել են»,- ասաց Ա. Մակինյանը:
Սերժ Սարգսյանի պաշտանն ընդգծեց՝ այսօրվանց ազդարարում են ստի վերջը:
«Չի լինելու այսպես: Բոլորն իրենց արտահայտած հրապարակային, առավել ևս անվանարկող տեղեկությունների համար պետք է պատասխան տան Հայաստանի դատարանում, ներկայացնեն փաստեր, որ այդ տեղեկությունները կան: Այդպիսի փաստեր չեն կարղ լինել, քանի որ ինքնին այդ տեղեկություններն ակնհայտ իրականությանը համապատասխանող չեն:
Այսօրվանից մենք գնում ենք մինչև վերջ բոլոր հրապարակային և անվանակարող արտահայտությունների հետևից»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Հարցին՝ ինչո՞ւ դատական հայց չներկայացվեց նախընտրական շրջանում, Ա Մակինյանը պատասխանեց. «Հայաստանի երրորդ նախագահը բազմաթիվ անդամներ այս հարցի շուրջ իր հրապարակային խոսքում նշել է, երրորդ նախագահի համբերության բաժակն իրականում լցվեց, երբ արդեն դա օգտագործվեց քարոզչության ժամանակ Փաշինյանի կողմից և հրապարակային տրվեց 24 ժամ։ Երբ տղամարդուն, երկրի ղեկավարին 24 ժամ են տալիս հրապարակային, մյուս կողմից որևէ արձագանք, փաստարկ չի լսվում, դա արդեն գնահատական է կոնկրետ իմ կողմից մյուս կողմի գործողություններին: Համոզված եմ, որ հասարակության լայն զանգվածները իմ գնահատականը կիսում են: Չի կարելի այսպես շարունակել: Այս գեներացված սուտը, ատելությունը, թշնամանքը պետք է վերջ ունենա և այդ վերջի սկզբի օրը մենք ազդարարում ենք այսօր»:
Ամրամ Մակինյանն ասաց, որ Խաչատուր Սուքիասյանից որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջում:
«Դա ամբողջությամբ պետք է վճարվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին»,- նշեց նա։
Նշենք՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է կրվել։ յդ մասին Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից էր հայտարարել օգոստոսի 25-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին