«Գյումրին կռնա'» դաշինքը հայտարարել է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
Գյումրիում նախօրեին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ միավորվել են մի քանի ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր ու կազմել դաշինք, որը կոչվում է «Գյումրին կռնա'»։
Դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրիի Ազգային Արժեք Ակումբի, Նժդեհյան Ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների միջև՝ Գյումրիի համայնքային ընտրություններում միասնական «Գյումրին կռնա'» դաշինքով հանդես գալու վերաբերյալ:
Նշվում է, որ հուշագիրը, սակայն, չի սահմանափակվել միայն ՏԻՄ ընտրություններին առաջիկայում մասնակցությամբ, այլ ձևավորվել է ազգային-քաղաքական նոր պլատֆորմ, որը գործունեություն է ծավալելու համապետական մակարդակով:
Թե ով կգլխավորի ընտրական ցուցակն, առայժմ չի մանրամասնվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նշանակված Շիրակի մարզկենտրոն Գյումրիում , Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Տավուշի Դիլիջան համայնքներում։
Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից ընտրացուցակների ներկայացումը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գյումրիում կա 123 115 ընտրող։
Այս պահին Գյումրիում որևէ քաղաքական ուժ ընտրացուցակ չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան