Բաքուն և Մոսկվան շարունակում են համաձայնեցնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը․ Ադրբեջանի նախագահի օգնական
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ` կապված Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում:
Ըստ Հաջիևի, Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
Հաջիևն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խաղաղապահ ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»:
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում», - հայտարարել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի բնակավայրերը։ Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժերը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։
Հրադադարից հետո միջազգային ուժերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան հայտարարում են, որ հակամարտությունը կարգավորված չէ, անհրաժեշտ է սկսել բովանդակային բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո, հասնել հակամարտության համապարփակ կարգավորման՝ ներառյալ Արցախի կարգավիճակի հարցի լուծում։ Ռուսաստանը կարծում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը ներկայումս վաղ է քննարկել՝ առաջ տանելով տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ցանկանում ենք ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով դրական դինամիկա
- ԱՄՆ պետքարտուղար. Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը
- Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում ԼՂ-ում ռուս խաղաղապահ առաքելության դեմ. Միրզոյան
- Լավրով․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում
- Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան