88 տարեկանում կյանքից հեռացել է Ժան Պոլ Բելմոնդոն
88 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Այս մասին հայտնում է Ֆրանսպրեսս գործակալությունը։
Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել էր Նեյի-սյուր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։
Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։