Միրոսլավ Կուլտիշևը՝ Classic piano միջազգային մրցույթի հաղթող
Դուբայում ամփոփել են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և SAMIT Event Group-ի կազմակերպած Classic piano 2-րդ միջազգային մրցույթի արդյունքները: Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթն անցկացվել է Դուբայում ընթացող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։
Առաջին տեղը զբաղեցրել է ռուսաստանցի դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը, երկրորդ տեղը՝ Վիկտոր Մասլովը (Ռուսաստան/Մեծ Բրիտանիա), երրորդ տեղը՝ Ավստրիան ներկայացնող հարավկորեացի Սու Ջին Չային։
Երաժշտական մրցույթին մասնակցել է 70 մարդ՝ ավելի քան 20 երկրներից, որոնք 2019 թվականին Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։
Դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 15-ին՝ Դուբայում՝ Պալմա Ջումեյրա կղզու վրա գտնվող Jumeirah Zabeel Saray համերգասրահում: Առաջին երկու փուլերում երաժիշտները հանդես են եկել մենահամերգով՝ ժյուրիի դատին ներկայացնելով բարոկկո երաժշտության և ռոմանտիկ նվագացանկի ծրագիր, ինչպես նաև ժամանակակից մալթացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երրորդ և չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Կիսաեզրափակչում մասնակիցները կատարել են Վ. Ա. Մոցարտի, Classic Piano մրցույթի ու InClassica փառատոնի կոմպոզիտոր-ռեզիդենտ Ալեքսեյ Շորի կոնցերտները:
Եզրափակչում երաժիշտներին առաջարկվել են 19-20-րդ դարերի դասականների մի քանի ստեղծագործություններ:
Մրցանակային ֆոնդը կազմել է ավելի քան 300 000 եվրո:
«Ավարտվեց մեր ամենամեծ երաժշտական նախագծերից մեկը՝ Classica Piano-ն: Այս իրադարձությունը տևեց, ընդհանուր առմամբ, երեք տարի՝ հաշվի առնելով տարբեր երկրներում նախնական ընտրությունը: Երջանիկ էի տեսնել բոլոր մասնակիցներին և շատ շնորհակալ եմ մեր բարձր պրոֆեսիոնալ ժյուրիին, որի կազմում էին դասական երաժշտության և դաշնամուրի արվեստի վարպետներ: Շնորհավորում ենք հաղթողին և սպասում նրան՝ որպես մենակատար մեր շրջագայության ժամանակ»,- մրցույթի արդյունքների ամփոփելու ժամանակ նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:
Ժյուրիի նախագահը կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին էր:
Վերջինիս խոսքով՝ մրցույթի բոլոր մասնակիցները, որոնք եկել են Դուբայ, բարձրակարգ մասնագետներ են, և յուրաքանչյուր փուլում ընտրություն կատարելն այնքան էլ հեշտ չի եղել։
«Եզրափակչում մենք իսկապես տեսանք թեժ բանավեճեր, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը ցուցաբերեց վիրտուոզություն, արտիստիզմ և երաժշտական նյութի խորը ըմբռնում: Ցանկանում եմ շնորհավորել եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին և մաղթել նրանց բարի ճանապարհ՝ սև ու սպիտակ ստեղներով ճանապարհին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին՝ ինձ համար երջանկություն էր ղեկավարել այսպիսի արտասովոր երաժիշտների մասնակցությամբ թիմը»,- նշեց ժյուրիի նախագահ Ալեքսանդր Չայկովսկին։
Classic Piano մրցույթի հաղթողին հանձնվել է 100 000 եվրոյի կտրոն: Բացի այդ, 2021 թվականի վերջին նա կմեկնի համաշխարհային շրջագայության, որի երկրների ցանկում ընդգրկված են՝ Ավստրիան (Վիեննա, Զալցբուրգ), Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Իսրայելը, Ճապոնիան, Ղազախստանը, Լիտվան, Լատվիան, Մալթան, Ռուսաստանը (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան:
Մենակատարի ֆիքսված հոնորարը կկազմի նաև 100 000 եվրո՝ մեկ շրջագայության համար:
Այսպիսով, մրցույթի արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.
-1-ի տեղ՝ Միրոսլավ Կուլտիշև (Ռուսաստան) -
-2-րդ տեղ՝ Վիկտոր Մասլով (Ռուսաստան/Մեծ Բրիտանիա) - 50 000 եվրո
-3-րդ տեղ՝ Սու Ջին Չա (Հարավային Կորեա/Ավստրիա) – 25 000 եվրո
-4-րդ տեղ՝ Ջեքի Չանգ (Մեծ Բրիտանիա) - 7000 եվրո
-5-րդ տեղ՝ Մինսունգ Լի (Հարավային Կորեա /Գերմանիա) - 6000 եվրո
-6-րդ տեղ՝ Ջեյունգ Լի (Հարավային Կորեա/Ավստրիա) - 5000 եվրո
-7-րդ տեղ՝ Յուկի Ամակո (Ճապոնիա) - 4000 եվրո
-8-րդ տեղ՝ Կոզիրո Օկադո (Ֆրանսիա) - 3000 եվրո:
Մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման համար Յուկի Ամակոն (Ճապոնիա) և Արտյոմ Կուզնեցովը (Ռուսաստան/ԱՄՆ) ստացել են հատուկ մրցանակ` 3000-ական եվրոյի չափով:
Մրցույթի հաղթող Միրոսլավ Կուլտիշևը մրցանակը ստանալուց հետո խոստովանեց, որ այս մրցույթն իսկապես բարդ փորձություն էր։
«Երջանիկ դատարկություն եմ զգում, քանի որ դա, իրոք, երեքշաբաթյա բարդ փորձություն էր: Ուրախ էի կրկին բեմ բարձրանալու համար, ինչը հատկապես արժեքավոր է համավարակի սահմանափակումների մեր ժամանակներում, ուրախ էի շփվել իմ գործընկերների` մրցույթի այլ մասնակիցների հետ, և անչափ շնորհակալ եմ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին՝ կազմակերպման և դասական արվեստի աջակցության համար: «Մեր գլխավերեւում երաժշտություն կա», ինչպես ասել է Օսիպ Մանդելշտամը, և մենք բոլորս ծառայում ենք երաժշտությանը»»,- ասաց նա։
Նշենք նաև, որ CLassica Piano մրցույթի ժյուրիում հրավիրվել են կոմպոզիտորներ, բարձրագույն երաժշտական հաստատությունների մանկավարժներ 7 դասական արվեստի աստղեր:
Մասնավորապես, Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Գնեսինների անվան Մոսկվայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը (Ռուսաստան), Փարիզի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Միշել Բերոֆը (Ֆրանսիա), Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը (Լատվիա), Դմիտրի Ալեքսեեւը (Մեծ Բրիտանիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Պավել Գիլիլովը (Գերմանիա-Ավստրիա), Նիկիտա Ֆիտենկոն (Ռուսաստան-ԱՄՆ), Սերգեյ Էդելմանը (Բելգիա), Ջան Իրաչեկ Արնիմը (Գերմանիա), Հե-Յանգ Կիմը (Կորեա), Թոմեր Լեւը (Իսրայել), Եվա Պաբլոցկան (Լեհաստան), Ժան Ժակ Սեսբրոնը (ԱՄՆ)։
Լուսանկաները՝ Ալեքսեյ Մոլչանովսկու։
Հարակից հրապարակումներ`
- Մալթայից Դուբայ. Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները՝ միջազգային բեմերում
- Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Դուբայի օպերային թատրոնում
- Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան