Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում. Kinoashkharh
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival)։ kinoashkharh.am-ի հաղորդմամբ, ընդամենը օրեր առաջ կազմակերպիչները ուրախությամբ հայտարարել են, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։
New York Film Festival այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ Լինկոլն կենտրոնում ցուցադրվելու են տարվա լավագույն ֆիլմերը, կազմակերպվելու են հանդիպումներ և քննարկումներ կինոաշխարհի կարևոր ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բազմաթից վարպետաց դասեր ուսանողների համար։ Փառատոնի պաշտոնական ծրագիրն արդեն հասանելի է ամբողջությամբ։
Այստեղ նշվում է, որ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի հինգին և վեցին։ Ի դեպ, փառատոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել նաև «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարելի է ծանոթանալ ռեժիսորի կյանքին և աշխատանքին։
Սա «Բնություն» ֆիլմի փառատոնային ճանապարհի միայն առաջին քայլն է։ Արդեն հայտնի է, որ ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA Ամստերդամում, նոյեմբերի 17-28-ը։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան