Ամրամ Մակինյան. Որևէ մեկը հույս չունենա, որ հնարավոր է լինելու պատմություն աղավաղել
«Այսօր կարող ենք հստակ ֆիքսել, որ գործադիրի ղեկավարն իր հրահանգներով տարբերակված մոտեցում է ցույց տալիս իշխանահաճո անձանց և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց ու շրջանակներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա հիշեցրեց, որ իրենք ԱԱԾ-ին իրենց հաղորդմամբ, ԶԼՄ-ներից ներկայացված փաստերով ցույց են տվել, որ գործադրի ղեկավարի օգնականը կոնկրետ դեպքերով, գործերով միջամտել է քննությանը. «Խոսքն Աննա Վարդապետյանի մասին է, և Հայաստանի գլխավոր դատախազությունն այդ իրավիճակը որակեց որպես խորհրդատվություն քննիչին: Դա ծիծաղելի է, շատ վատ տեղ տանող գնահատականներ են»:
Ա. Մակինյանը նշեց, որ ամեն դեպքում շարունակելու են իրենց գործունեությունն ու պայքարն իրենց հասանելի բոլոր հնարավորությունների օգտագործմամբ, որոնք օրենքով չեն արգելվում:
«Որևէ մեկը հույս չունենա, որ հնարավոր է լինելու պատմություն աղավաղել: Սա միջնադարը չէ՝ ձայնագրվում է, նկարահանվում է, ինֆորմացիա կա, թե ով ինչով է զբաղվել, ընդհանրապես, ով ինչ հայտարարություն է արել: Այդ ամեն ինչի համար վաղը մարդիկ պատասախան են տալու, բոլորս ենք պատասխան տալու մեր գործողությունների համար:
Այսօրվա գործադիրն այնպես վարվի, որ վաղը, մյուս օրն իրենց գործողությունների համար պատասխանատվությունն իրենց նկատմամբ մեղմ լինի, իրենց սերունդները չամաչեն»,- ասաց Ամրամ Մակինյանը: