«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է Ջավախքում իրենց թեկնածուների վրա ճնշումների մասին
Նախօրեին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով իշխանություններին իրենց «Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածուների վրա ճնշումներ գործադրելու մեջ, այդ իսկ պատճառով, ըստ հայտարարության, վերջիններս հանում են իրենց թեկնածությունը: Jnews-ի հաղորդմամբ, թվարկված թեկնածուների թվում են նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի թեկնածուները:
«Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով, հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել են ճնշման կուսակցության թեկնածու Վարդան Չոլախյանը, ով 3-րդ համարն էր ցուցակում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մեծամասնական թեկնածու Հովհաննես Հովսեփյանը, ում հարազատներն աշխատում են դպրոցում, ինչպես նաև Նինոծմինդայի շտաբի պետ Գևորգ Բաբերցյանը, ով հայտնել է ճնշումների մասին: Ըստ Նաթիա Մեզվրիշվիլիի, Ախալքալաքից ճնշումների մասին հայտնել են նաև Ախալքալաքի թեկնածունե՝ Վրեժ Ղազարյանի և Լորա Եզոյանի առնչությամբ:
Jnews-ը թվարկված անձանցից մի քանիսի հետ կապ է հաստատել հեռախոսազանգի միջոցով: Նրանցից ոչ մեկը տեղյակ չէր կուսակցության հայտարարությունից:
Վարդան Չոլախյանը, ով, ըստ Մեզվրիշվիլիի, Ախալքալաքում երրորդն էր կուսակցական ցուցակներում, ասել է, որ իր թեկնածությունը նույնիսկ չի առաջադրել, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, և որ «Հանուն Վրաստանի» կուսակցության հետ կապված է միայն այն առումով, որ կուսակցության ներկայացուցիչները նրա ընկերներն են: Ճնշումների վերաբերյալ նա նշել է, որ իր վրա ճնշումներ չեն կարող գործադրվել:
Գևորգ Բաբերցյանն ասել է, որ չի հանել իր թեկնածությունը, բայց միևնույն ժամանակ մնացած հարցերին չի պատասխանել` նշելով, որ դեռ պատրաստ չէ լրագրողներին տեղեկատվություն տալ:
Ախալքալաքի նախընտրական շտաբի պետ Աշոտ Խանոյանն ասել է, թեկնածուներն իրեն չեն հայտնել ճնշումների մասին, այլ պարզապես տեղեկացրել են այն մասին, որ ուղղակի չեն ցանկանում մասնակցել ընտրություններին:
«Մարդիկ, ում մասին դուք խոսում եք, հանել են իրենց թեկնածությունը, բայց նրանք ինձ չեն ասել որևէ ճնշման մասին: Ինչ վերաբերում է Վարդան Չոլախյանին, նա սկզբում առաջադրել էր իր թեկնածությունը, հետո հանել էր այն», – ասել է Աշոտ Խանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա