Էրիկ Ալեքսանյանը հեռացավ Դանիբեկյանի վարույթից. «Ձեր էմոցիաներն այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում»
«Դատարանը պաշտպանության կողմի վարքագծում նկատել է մի օրինաչափություն»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հայտարարեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր անգամ, երբ դատարանը մեղադրողներին առաջարկում է հրապարակել մեղադրական եզրակացության եզրափաիկիչ մասը, պաշտպանության կողմը փորձում է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որը քննարկման առարկա չդարձվելու դեպքում լքում են դատական նիստերի դահլիճը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ նման դեպքերը դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելով պաշտպանները փորձում են թույլ չտալ իրենց համար ոչ ցանկալի գործողություններ։
«Այդ վարքագիծը դատարանը գնահատում է որպես ոչ իրավաչափ։ Այդ իսկ պատճառով դատարանն այս պահին որևէ միջնոդության քննարկման չի անդրադառնում և անցնում է մեղադրական եզրակացության լսելուն»,-ասաց Դանիբեկյանը։
Նրա խոսքից հետո ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ հայտարարություն ունի՝ կապված վարույթին իր մասնակցության հետ։
Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանն առարկեց, ասաց, հերթական գործողությունն է կանխելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը։
«Խոսքից պարզ է, թե ինչ գործողություն է նախապատրաստվում։ Էրիկ Ալեքսանյանը որոշեց, որ այլևս չի մասնակցելու սույն գործով վարույթին։ Խնդրում եմ դատարանին հնարավորություն տալ հրապարակելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը առանց որևէ գործողություն կատարելու»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ դատարանն ընդունում է մեղադրողի առարկությունը։
Այնուամենայնիվ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց. «Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի»։
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը դատական վեճի մեջ է դատավոր Դանիբեկյանի հետ, փորձում է հասնել նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն, ինչի հետևանքով Դանիբեկյանը հակակրում է իրեն, այլևս չի կարողանում զսպել իր էմոցիաները իր նկատմամբ, դրա հետևանքով էլ կոպտագույն կերպով ոտնահարվում են Արմեն Գևորգյանի օրինական շահերն ու իրավունքները։
Ալեքսանյանն ասաց, այլ վարույթներով պաշտպանելու է Գևորգյանի շահերը, սակայն այս վարույթում չի կարող։
«Դա գալիս է կոնկրետ ձեզանից, հարգելի դատարան։ Դատարան Ձեր կազմով մենք չունենք»,-ասաց Ալեքսանյանը։
Դանիբեկյանն ասաց, Գևորգյանի դիրքորոշումը կճշտի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո։ Սակայն Էրիկ Ալեքսանյանը լքեց դատական նիստերի դահլիճը։
Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը դատավոր Դանիբեկյանին. Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան
- Էրիկ Ալեքսանյանը նույն համոզման է՝ Դանիբեկյանի գործողությունը հանցագործության հատկանիշներ է պարունակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին