ԱՄՆ պետքարտուղարն ու ՊՆ նախարարը Կատարում քննարկել են Աֆղանստանն ու տարածաշրջանում իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ երկուշաբթի օրը Կատար պաշտոնական այցի ընթացքում քննարկել են Աֆղանստանից տարհանման հարցերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Դոհայում կայացած բանակցություններից հետո տարածված գրավոր հայտարարության մեջ, գրում է Tass-ը։
Նշվում է, որ Բլինքենը, որին միացել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, շնորհակալություն է հայտնել Նորին Մեծություն Ալ Թանիին՝ Ամերիկայի քաղաքացիների, գործընկերների և վտանգված աֆղանցիների անվտանգ տեղաշարժը դյուրացնելու հարցում Քաթարի ցուցաբերած արտակարգ աջակցության համար: Պետքարտուղարը, պաշտպանության նախարարը և էմիրը նաև քննարկել են երկկողմ այլ կարևոր հարցեր և տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման խթանման նախաձեռնություններ։
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Պետդեպարտամենտում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի նախատեսում Դոհա կատարելիք այցի ընթացքում հանդիպել Թալիբանի շարժման ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բլինքենի ուղևորությունը Կատար և Գերմանիա կկայանա սեպտեմբերի 5-ից 8-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը օգոստոսի 30-ին ավարտեց ինչպես Քաբուլից խաղաղ բնակիչների տարհանումը, այնպես էլ Աֆղանստանում նրա ամբողջ ռազմական առաքելությունը: Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որը սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին և դարձավ ամենաերկար օտարերկրյա ռազմական արշավը Ամերիկայի պատմության մեջ: Դրանից հետո Թալիբանի կողմնակիցները բարձրացրին հարձակման տեմպը և օգոստոսի 15-ին, առանց կռվի, լիակատար վերահսկողություն հաստատեցին Քաբուլի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա