Սիցիլիայում սկսվել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» ֆիլմի նկարահանումները
Երկար սպասումից հետո Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն, այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը և գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։
Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։
Ջեսիկա Վուդվորթը պատմում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել․ «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»։
«Covid19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելը այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համարտադրողների ու կինոկենտրոնի ջանքերի արդյունքում հնարավոր եղավ Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած նրան, որ տեղանքների նկարահանումները տեղափոխվեցին Իտալիա, Հայաստանը շարունակեց կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հնարավորություն տվեց հայկական կողմին մաս կազմել նման մեծ նախագծի և հետագայում ֆիլմը ստացավ նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։ Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար, տեսնելու որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է լինել մեծ նախագծի մաս և ունենալ հավասար մասնակցություն ստեղծագործական առումով։ Հայաստանը Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով կարողացավ նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին նման փորձն էր Հայաստանի համար, և ինչը հնարավորություն տվեց որոշակի գումարներ բերել Հայաստան»,- հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան