Կուբան աշխարհում առաջինն է, որ սկսել է COVID-19-ի դեմ պատվաստումները 2 տարեկանից սկսած երեխաների համար
Կուբան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը սկսեց պատվաստումները փոքր երեխաների մոտ: Երկուշաբթի, սեպտեմբերի 6-ին, Սիենֆուեգոս նահանգում սկսեցին 2-ից 11 տարեկան երեխաների պատվաստումները։ Կուբայում պատվաստումների համար օգտագործվում են «Abdala» և «Soberana» տեղական դեղամիջոցները, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչված չեն: Այս մասին գրում է DW-ն։
Համաճարակի պատճառով Կուբայի դպրոցները գրեթե չեն բացվել 2020 թվականի մարտից: Մինչդեռ սեպտեմբերի 6-ին սկսվեց նոր ուսումնական տարին, դասավանդումն անցկացվում է հեռուստատեսության միջոցով` ընտանիքների մեծ մասի համար ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով: Իշխանությունները նախատեսում են հոկտեմբերից սկսել դպրոցների փուլային բացումը, եթե այդ ժամանակ բոլոր երեխաներն ու դեռահասները պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ:
Աշխարհի շատ այլ շրջաններում, այդ թվում ԵՄ երկրներում, շարունակվում է երեխաների պատվաստումը 12 տարեկանից: Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վենեսուելան հայտարարել են, որ շուտով կսկսեն փոքր երեխաների պատվաստումները:
Կուբան հրաժարվել է Ռուսաստանի և Չինաստանի պատվաստանյութերից, ինչպես նաև COVAX ծրագրի միջոցով պատվաստանյութեր ձեռք բերելուց, որն օգնում է ցածր եկամուտ ունեցող երկրներին ստանալ պատվաստանյութ: Կուբայի գենետիկական ինժեներիայի և կենսատեխնոլոգիայի կենտրոնը (CIGB) մշակել է COVID-19-ի սեփական պատվաստանյութը, որը կոչվում է «Abdala»: Հունիսին Կուբայի իշխանությունները հայտարարեցին, որ Աբդալան 92,28 տոկոսով արդյունավետ է եղել III փուլի կլինիկական փորձարկումներում: Պատվաստման ամբողջական ընթացքը ավարտելու համար անհրաժեշտ է երեք դեղաչափ ներարկել՝ կանոնավոր պարբերականությամբ: Soberana-ի արդյունավետությունը, ըստ արտադրողների, 62 տոկոս է:
Վերջին ամիսներին Կուբայում գրանցվել է հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների և մահվան դեպքերի կտրուկ աճ: Կղզում COVID-19- ի մահվան մոտ 5,300 դեպքից գրեթե կեսը տեղի է ունեցել օգոստոսին: Ընդհանուր առմամբ, Կուբայում հայտնաբերվել է մոտ 673 հազար վարակված անձ, որոնցից մոտ 95 հազարը երեխաներ և դեռահասներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին