Չավուշօղլու. Թուրքիան Կատարի և ԱՄՆ-ի հետ աշխատում է Քաբուլի օդանավակայանի կառավարման ուղղությամբ
Թուրքիան համագործակցում է Կատարի և ԱՄՆ-ի հետ՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օդանավակայանի կառավարման հարցում։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք աշխատում ենք Կատարի և ԱՄՆ-ի հետ՝ Քաբուլի օդանավակայանի կառավարման ուղղությամբ: Ներկայումս օդանավերը կարող են օդ բարձրանալ և վայրէջք կատարել օդանավակայանում: Որոշ ավիաընկերություններ արդեն վերսկսել են թռիչքները», - ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով, թալիբները կարող են անվտանգություն ապահովել Քաբուլի օդանավակայանից դուրս, սակայն դրա ներսում անվտանգությունը պետք է երաշխավորի «անվտանգության ընկերությունը կամ մեկ կամ երկու պետությունները, որոնց վստահում է միջազգային հանրությունը»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ «ներկայումս 19 [թուրք] տեխնիկներ շարունակում են աշխատել Քաբուլի օդանավակայանում»:
Ավելի վաղ Թուրքիան բազմիցս արտահայտել էր իր ցանկությունը՝ շարունակել պատասխանատվությունը Քաբուլի օդանավակայանի անվտանգության և շահագործման համար, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ: Ըստ վերջին հաղորդագրությունների՝ թալիբները Կատարին և Թուրքիային դիտարկում են որպես երկրներ, որոնք կարող են տեխնիկապես շահագործել Քաբուլի օդանավակայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան