Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ, արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։
Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
«Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։
Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ»,-ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան
- Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունն Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան