Երևանում զինանոց է հայտնաբերվել
«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։
Ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտեցին նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։
44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։
Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեին, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվել է։
Ըստ աղբյուրի, ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ ունեին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։
Ըստ ոստիկանության, անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանել է և մատնացույց արել թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը: Նշված վայրից իրավապահները հայտնաբերել են 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։
Խուզարկվել է նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվել են 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։
46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա