Երեխան չի քնել, այդ ժամանակ մայրը հանել է դուրս ու կրակել են. պատմում են Թաղավարդի բնակիչները
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում վերջին օրերին ավելի հաճախ են լսվում թշնամու կողմից արձակված կրակոցներ ձայները:
Սեպտեմբերի 6-ին ժամը 19:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Գնդակները դիպել են Թաղավարդ գյուղում Ալավերդյանների առանձնատանը:
«Երեկոյան ժամը 19:30-ին կրակոցներ եմ լսել, բակում էի: Պատուհանը կոտրվել է: Ժամը 23:30-ին նորից են կրակել, ավելի ուժեղ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանը պատմել է Ռոզա Ալավերդյանը:
Վնասված սենյակում այդ պահին մարդ չի եղել, ընտանիքի անդամները, փոքրիկ Կարինեն եղել են բակում:
«Կինս ուզել է երեխուն քնացնի, չի քնել, այդ ժամանակ հանել է դուրս ու կրակել են: Բարեբախտաբար, կինս ու երեխաս սենյակում չեն եղել»,- ասել է Մհեր Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ստեփան Գեղամյանը հայտնել էր,որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։
Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը
- Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան
- Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են եղել
- Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը․ ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան