ՌԴ միջազգային պահուստները գերազանցել են իրենց պատմական ռեկորդը
Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստները գերազանցել են իրենց պատմական ռեկորդը և սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել 618,2 միլիարդ դոլար: «Գազետա ռու»-ն ներկայացրել է Կենտրոնական բանկի տվյալները:
Հուլիսին միջազգային պահուստներն աճել են մինչև 601 մլրդ դոլարի: Դինամիկայի որոշիչ գործոններն էին ոսկու գների աճը և բյուջետային կանոնների շրջանակներում արտարժույթի գնման գործարքները:
Օգոստոսին պահուստներն աճել են 2.86%-ով:
Օգոստոսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում դրանք ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել են 20 միլիարդ դոլարով և կազմել 615,6 միլիարդ դոլար: Հաղորդվել է, որ աճի հիմնական բաղադրիչը Ռուսաստանի կողմից ԱՄՀ-ից աջակցություն ստանալն է:
Օգոստոսի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ռուսաստանին հատկացրել է 18 միլիարդ դոլար Հատուկ ներգրավման իրավունքների (SDR) տեսքով, որը արհեստականորեն ստեղծված միջոց է հիմնադրամի վճարումների համար: Ակնկալվում է, որ հատկացված միջոցները կօգնեն երկրներին վերականգնվել համաճարակի հետևանքներից, մասնավորապես՝ միջազգային պահուստների իրացվելիության բարձրացման միջոցով: