Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ ԱԳ նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները:
Քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես, քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում:
Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝ այս համատեքստում առանձնացնելով ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը։
Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարարն իր վրաց գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը խաթարում է տարածաշրջանային կայունությանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան