Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
«Ռազմագերիների հետ վարվելակերպը կանոնակարգված է միջազգային իրավունքով, խախտումները գնահատելիս մենք հաշվի ենք առել նաև գործող երաշխիքները»,- ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հրավիրված ասուլիսում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Ս. Սահակյանի խոսքով, ռազմագերիները համարվում են գերեվարող պետության պատասխանատվության ներքո գտնվողներ, անկախ այն հանգամանքից, թե նրանց գերեվարող ֆիզիկական անձինք հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տրված խախտումների համար, միևնույնն է՝ գործում է պետության պատասխանավության սկզբունքը:
«Գերեվարման երաշխիքները սկսում են գործել հենց ամենասկզբից: Շատ կարևոր հանգամանք է այն, որ ռազմագերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, ըստ էության, չի թույլատրվում նրանց պահել բանտերում, այլ փակ շինություններում: Բանտախցերում, հանցագործներին պահման պայմաններին հավասար պահելն արգելված է»,- նշեց իրավապաշտպանը:
Նրա ներկայացմամբ, որոշակի հստակ պահանջներ կան ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից, նրանց պատիվն ու արժանապատվությունը գտնվում է ուժեղացված պաշտպանության ներքո, չի թույլատրվում ենթարկել ֆիզիկական բռնության, տանջանքների, պատիժների: Կան մանրակրկիտ կանոններ, որոնք առնչվում են պահման պայմաններին:
Ս.Սահակյանն ասաց, որ գործում են այլ պարտավորություններ, հատկապես վիրավորների, հիվանդների առնչությամբ, այս խումբը գտնվում է պաշտպանության ներքո, օկուպացնող պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի արագ կերպով հայտնաբերի մարտի դաշտում հիվանդներին, վիրավորներին, դրան պետք է հաջորդի բժշկական օգնությունը: Նույնկերպ դիերի արագ հայտնաբերման պարտականություն գոյություն ունի, այստեղ էլ որոնողական գործողությունների արդյունավետության համար առաջին պատասխանատուն այն երկիրն է, որի հսկողության տակ մնացել են մարմինները:
Նա ընդգծեց՝ միջազգային կոնվենցիայով արգելվում է բռնի անհետացումը, այսինքն՝ երբ անձը հայտնվել է պետության պաշտոնատար անձանց կամ նրանց անունից գործող անձանց հսկողության ներքո և պետության անգործության հետևանքով ազատությունից զրկված անձանց ճակատագրի առնչությամբ կա անհայտություն, նրանց ճակատագրի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցվում է, որի պայմաններում անձինք հայտնվում են իրավական պաշտպանությունից դուրս:
«Բռնի անհետացման երևույթն առկա է եղել նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում: Շուրջ 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո, դեռևս մնում են անորոշ: Միջազգային ստանդարտները պահանջում են, որպեսզի պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար, պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլ նաև այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել կամ որոնց թույլ հսկողության, անգործության պատճառով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները