Բոլորս կլինենք հավաքված և կփորձենք կցուցադրել լավ ֆուտբոլ. Խորեն Բայրամյան
«Բոլոր տղաները ցանկանում են վերականգնվել նախորդ խաղից հետո, գլխավոր մարզիչ Կապառոսն էլ հանդերձարանում ասաց անհրաժեշտ խոսքեր։ Բոլորս էլ հասկանում ենք, թե Գերմանիան ինչ թիմ է»,- սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր է սեպտեմբերի 8-ի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը, որին պետք է մոտենալ տաք սրտով և սառը գլխով. «Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները։
Չեմ կարծում, որ գերմանացիներից կրած պարտությունը բացասական շատ մեծ ազդեցություն կունենա հաջորդ խաղում, որովետև մենք ունենք բազմաթիվ արժանի խաղացողներ։ Բոլորի համար էլ անգին փորձ էր։ Ես առաջին անգամ էի խաղում այդքան հզոր հավաքականի դեմ։ Իմ կարծիքով, Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Ընդհակառակը՝ բոլորս կլինենք հավաքված և կփորձենք կցուցադրել լավ ֆուտբոլ»,- ասաց Խ.Բայրամյանը։
Ասուլիսին ներկա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշեց, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ցավ են զգում պարտությունից և այն բանից, թե ինչպես պարտվեցինք։
«Սակայն մենք նաև գիտակցում ենք, որ սեպտեմբերի 8-ին մասնակցելու ենք հանդիպման մեր խաղադաշտում, մեր երկրպագուներով, սա առավելագույն մոտիվացիայի առիթ է, որ խաղալու ենք մեր երկրում։
Լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա, ֆուտբոլիստնեը գիտակցում են, թե ինչքան կարևոր է այն 3 միավորը, որոնց համար պայքարելու ենք առաջիկա խաղում»։
Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում Գերմանիայի հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը պարտվել էր 0։6 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ է, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը
- Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Խոակին Կապառոս
- Այս թիմը հոգի ունի. Խոակին Կապառոս