Եվրոպայում աֆղան փախստականների համար տեղ չկա. Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչը հայտարարել է, որ Եվրամիությունում աֆղան փախստականների համար «իսկապես տեղ չկա», առաջարկելով «գտնել լուծում, որը թույլ կտա նրանց մնալ Աֆղանստանում»: Այս մասին գրում է Euronews-ը։
Բաբիչն այս մեկնաբանություններն արել է նախօրեին՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ հանդիպումից հետո:
ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են օգնել աֆղան փախստականներին թալիբների՝ իշխանության գալուց հետո, բայց միայն նրանց, ովքեր փախել են հարևան երկրներ:
«Նրանց համար Եվրոպայում իսկապես տեղ չկա։ Տարբերակներից մեկն այն է, որ անցյալի պես բանակցություններ վարեն [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի հետ, բայց ես չեմ կարծում, որ սա լավ լուծում է: Ավելի լավ տարբերակ է այն լուծումը, որը թույլ է տալիս մարդկանց մնալ Աֆղանստանում», - ասել է Բաբիչը՝ Չեխիայի հարավարևելյան Լեդնիցե ամրոցում:
Նշվում է, որ 2016-ին ԵՄ-ն միգրացիոն գործարք կնքեց Թուրքիայի հետ, որով Անկարան խոստացավ կանխել միլիոնավոր հիմնականում սիրիացի փախստականների փախուստը Եվրոպա` ֆինանսավորման դիմաց` ավելի քան երեք միլիոն ներգաղթյալների ընդունման համար: Այս գործարքը, սակայն, հնարավորություն տվեց Էրդողանին բազում հարցերում շանտաժի ենթարկել Եվրամիությանը։
Աֆղանստանում իրավիճակի սրման ֆոնին էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում դառնալ Եվրոպայի համար փախստականների փահեստի։