Եզակի աղավնիների ցեղատեսակ, որը թռիչքի փոխարեն հետադարձ պտույտներ է անում գետնին
Parlor Roller տեսակի աղավնիները աշխարհում գոյություն ունեցող աղավնու ամենաուշագրավ տեսակի ներկայացուցիչներն են, որոնք իրենց մյուս ցեղակիցներից տարբերվում են հետադարձ պտույտներով առաջ գնալու հատկությամբ: Այս մասին գրում է «odditycentral.com»-ը։
Ինչպես հայտնի է, Parlor Roller ցեղատեսակի աղավնիները «սալտո» անելու բնական հատկություն ունեն: Այս թռչունները ստեղծվել են ընտրովի խաչասերման արդյունքում: Հստակ վարկած չկա, թե երբ է դա տեղի ունեցել, սակայն կա կարծիք, որ աղավնու բուծումը թվագրվում է 19-րդ դարի կեսերին:
Ենթադրվում է, որ Շոտլանդիայում ինչ-որ մեկը նկատել է թռչնի պտտվելու ձգտումն ու որոշել բուծել հատուկ այդ ցեղատեսակի աղավնիների՝ կատարելագործելով «բնատուր ձիրքը»: Տվյալ վարքի դրսևորման պատճառը ևս հայտնի չէ, սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ դա պայմանավորված է «թռչնի ուղեղում հավասարակշռության կենտրոնի խանգարմամբ»:
Նշվում է, որ աղավնին բավականին արագ է պտտվում գետնին և ամենաերկար տարածությամբ պտտվելու ռեկորդը ներկա պահին կազմում է 20 մետր: