Կամերային երաժշտական թատրոնը միացել է Պարոնյանի անվան թատրոնին
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվել է վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։
Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը:
Գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով:
Հիշեցնենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դեմ էր այս որոշմանը, բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ բարձրաձայնելով իրնց դժգոհությունը: Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշել էր՝ երկու թատրոնների մեջ միայն երաժշտական բառն է ընդհանուր, որևէ այլ եզր չկա. «Երկու տարբեր ձևաչափերի, մտածողության, ուղղության, տարբեր խաղացանկեր, երկու տարբեր ստեղծագործական մթնոլորտ ունեցող թատրոններ են: Կլինի աղետալի մի բան: Մենք բոլորս կորցնում ենք մեր աշխատանքը: Պարոնյանի անվան թատրոնն ընկնում է կատաստրոֆիկ վիճակի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան
- Կլինի աղետալի մի բան. Սամսոն Ստեփանյանը՝ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման մասին
- Այս որոշման իրագործումը կբերի անդառնալի, հերթական մշակութային կորստի. Վարդան Պետրոսյան
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
- ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան