Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Մասնավորապես, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մինչդատական վարույթն ավարտվել է, փաստացի դատավարական մեկ փուլ արդեն ավարտված է և այն քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, ըստ պաշտպանության կողմի, նվազման աստիճան ունի, քանի որ քրեական գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումների համաձայն՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազում է այնքանով, որքանով դատավարական ինչ-որ փուլ ավարտվում է։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծել է, որ որևէ վկայի վրա ազդեցություն գործադրելու տրամաբանություն, նպատակ չկա, որովհետև փաստացի վկաներից որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տալիս։ Ինչ վերաբերում է Լուսինե Ավետյանի ցուցմունքին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ միանշանակ չի կարելի ասել, որ Լուսինե Ավետյանը միայն մեղադրական բնույթի ցուցմունք է տվել, նա նաև արդարացնող բնույթի ցուցմունք է տվել և, ըստ էության, Ավետյանի նկատմամբ ևս ազդեցություն գործադրելու նպատակ և շարժառիթ չկա այնքանով, որքանով նա նաև արդարացնող բնույթի ցուցմունք է տալիս և դատարանը հետագայում պետք է գնահատի այդ ցուցմունքները։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի մասնակցել միջնորդության քննությանը, քանի որ ունի առողջական խնդիրներ և դժվարությամբ է հաղթահարում Երևան-Գորիս ճանապարհը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցով դատարանի որոշումը՝ այսօր
- Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել
- Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից
- ՀՔԾ. Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ