Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա բռնցքամարտի մենամարտը մեկնաբանելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա բռնցքամարտի աշխարհի երկու քաշային կարգի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի և Բացարձակ մարտերի առաջնության նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտի մենամարտի մեկնաբանության համար: «TMZ Sport»-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մենամարտի ոչ բոլոր կազմակերպիչներն են գոհ սեպտեմբերի 11-ին կայանալիք միջոցառմանը խնդրահարույց քաղաքական գործչի մասնակցությունից:
Հոլիֆիլդը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 57 մենամարտ, որոնցում նա հաղթել է 44 անգամ (29-ը՝ նոկաուտով), կրել է 10 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկը անվավեր է ճանաչվել: 58-ամյա ամերիկացին ունեցել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC), Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA), Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի (WBF) չեմպիոնական գոտիներ: Իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտը նա անցկացրել է 2011 թվականին:
Բելֆորտն ունի 26 հաղթանակ և 14 պարտություն, ևս մեկ մենամարտ անվավեր է ճանաչվել: Նա UFC-ի տիտղոսը նվաճել է 2004 թվականի հունվարի 31-ին ամերիկյան Ռենդի Կուտյուրայի դեմ մենամարտում, սակայն 2004 թվականի օգոստոսի 21-ին նա պարտվեց ռևանշ մենամարտում: Բրազիլացին թոշակի է անցել 2018 թվականին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար մրցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի դեմ: