Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու հետագա անելիքները․ ԱԳՆ-ում հանդիպում է տեղի ունեցել
Սեպտեմբերի 10-ին ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) առաջին փոխնախագահ Անտուանետա Վասիլևային (Բուլղարիա), GRETA-ի անդամ Իա Դադունաշվիլիին (Վրաստան) և ԵԽ աշխատակազմի քարտուղար Ռոեմեր Լեմետղին (Ֆրանսիա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«GRETA-ի փորձագետները ներկայացրել են սեպտեմբերի 6-ից 10-ը ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին կոնվենցիայի իրականացման շրջանակներում Հայաստան կատարած երրորդ շրջանի գնահատման այցի նախնական արդյունքները և նկատառումները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումների և հետագա անելիքների վերաբերյալ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել GRETA-ի փորձագետների հանդիպումները ՀՀ փոխվարչապետ, թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանում և Վանաձորում տեղակայված թրաֆիքինգի հարցերով մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: