Աշխատանքներ են իրականացվել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և ՀՀ-ի դեմ․ Կաթողիկոս
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից։
Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրները։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է նախարարին, որ այս շրջանում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նշել է նաև, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացվել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում իրականացվող աշխատանքների մասին։
Նախարար պարոն Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծել է, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծել է նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան