Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ամբողջ աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու համար. Զարուհի Մուրադյան
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն իր գործունեության 5 տարիների ընթացքում կարողացել է միավորել ոլորտում գործող մեծ ու փոքր ընկերություններին, միջազգային կառույցներին, գործին նվիրյալ մարդկանց՝ ամբողջ աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու համար, ամրագրելու Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային քարտեզի վրա որպես գինու պատմական հայրենիք: Հիմնադրամի գործունեության 5 տարիների արդյունքներն ամփոփող միջոցառմանն ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Նրա ներկայացմամբ, հիմնադրամն իրականացրել է տարբեր նախագծեր, ծրագրեր, օրինակ՝ ՀՀ խաղողի այգիների տեղորոշման և ռեեստրի ստեղծման նախագիծը, որի շրջանակում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ուսումնասիրվել է 28.600 հա տարածք, արդյունքում տեղորոշվել է 9.911 հա փաստացի խաղողի այգի՝ Արմավիրի մարզում՝ 5.395 հա, Արարատի մարզում՝ 3.948 հա, Արագածոտնի մարզում՝ 568.5 հա:
Խաղողի այգիների տեղորոշումը և աշխարհատեղեկատվական համակարգի ստեղծումը հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկիների, բերքի մշակությամբ, մթերմամբ, պահեստավորմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին:
Զարուհի Մուրադյանը նշեց, որ Հայաստանում գինու սպառման մշակույթը զարգացնելու նպատակով Հիմնադրամն իրագործել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում գինու սպառումը մեկ շնչի հաշվով 0,6 լիտրից աճել է 3,5 լիտր:
Հիմնադրամը գործունեության 5 տարիներին թիրախավորել է հայկական գինիների արտահանման կարևոր շուկաներն ու ընդլայնել է հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը՝ ներառելով 36 երկիր: Միջազգային շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով Հիմնադրամն իրականացրել է միջազգային ցուցահանդեսներին հայկական գինիների մասնակցություն, համտես-շնորհանդեսներ տարբեր երկրներում, ներկայացրել հայկական գինիների և Հայաստանի գինու ժառանգության վերաբերյալ միջազգային հեղինակավոր առցանց և տպագիր պարբերականներում հոդվածներ:
Հայկական գինին ներկայացվել է նաև միջազգային ամենահեղիակավոր մրցույթներին, որոնցում հայկական գինիները նվաճել են ավելի քան 39 ոսկե, 52 արծաթե, 17 բրոնզե մեդալներ և արժանացել պատվոգրերի:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ այսօր որևէ զբոսաշրջային միջոցառում չկա, որտեղ չներկայացվեն հայկական գինիներն ու չգովազդվեն:
«Եթե նախկինում Հայաստանը հայտնի էր իր մշակույթով, մշակութային ժառանգությամբ, այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր պրոդուկտները դիվեսիֆիկացնենք, շեշտը դնում ենք արկածային զբոսաշրջության, գաստրո և էնոտուրիզմի վրա»,- ասաց Ա. Քոչարյանը: