Ո՞ւր են զոհված զինծառայողները ՎԿ վիճակագրության մեջ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է մահվան 18 874 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թիվն ավելացել է 1 738-ով։
Մահվան պատճառների կեսից ավելին՝ 50.1 տոկոսը բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հիվանդություններին։ Առավել հաճախ մահվան պատճառ են դառնում նորագոյացությունները՝ 16.4 տոկոս, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 7.6 տոկոս։
Ի դեպ, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերն ավելացել են 3.8 տոկոսով։ Մահացածների 12.4 տոկոսի դեպքում պատճառը եղել է կորոնավիրուսը։ Ցուցանիշը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 2.9 անգամ։
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 53.9 տոկոսով ավելացել են այն դեպքերը, երբ մահը վրա է հասել «հիվանդացության և մահացության արտաքին պատճառով»։ Այս տարվա վեց ամիսների ընթացքում այդ պատճառով 802 մահ է գրանցվել՝ նախորդ տարվա 521-ի փոխարեն։
Նշենք, որ 2020-ին այդ պատճառով մահվան դեպքերն ավելացել էին 3 անգամ՝ 3 213 մահ էր գրանցվել 2019-ի 1 077 մահվան փոխարեն։
Ուշագրավ է, որ Վիճակագրական կոմիտեի նախորդ տարվա հրապարակման մեջ այդ թվում ներառված էր նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների թիվը։ Կոմիտեն հրապարակման մեջ առանձին տողով մանրամասնել էր, որ 3 213 մահերից 2 291 դեպքերի գրանցումները զինվորական գործողությունների հետևանքով են։
Այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալների հրապարակման մեջ այդ տողը բացակայում է, հետևաբար կարելի է ենթադրել, որ կառավարությունն ու նրա առընթեր մարմիններն ամեն բան անում են թաքցնելու զոհված զինծառայողների իրական թիվը։
Օգոստոսի վերջին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տվյալներով, 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3777 մարդ՝ հաստատված մահվան վկայականներով, 243-ը համարվում է անհետ կորած։
Նկատենք, որ միայն տրամադրված մահվան վկայականների թվով պետք չէ դատել զոհվածների թվի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր
- 44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ է զոհվել. Գեղամ Ստեփանյան
- 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3777 զոհ՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան
- Այս իշխանության օրոք գրանցվել է երբևէ եղած ամենացածր բնական հավելաճը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում