Մենք չենք համարում, որ ԼՂ կարգավիճակը լուծված է և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Միացյալ Նահանգներն, իհարկե, անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է իրենց այս հանձնառությունը։
«Եվ, իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Սակայն կան որոշակի հիմնարար բաներ, որոնք մենք կարևորում ենք։ Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,- ասաց Լին Թրեյսին։
Դեսպանն ասաց՝ չի ուզում կողմերի անունից խոսել, բայց Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։
«Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են և որոշակի հաջողություններ ունեցել են։ Հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան», - նշեց Լ. Թրեյսին։
Լին Թրեյսիի խոսքով, չկա կատարյալ հարթակ, բայց Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն, դեռևս այն դիտարկում են բանակցությունների համար համապատասխան հարթակ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում