Ժոնաթան Լաքոտի մաղթանքը հայերին՝ պետք է հույսը ձեզ վրա դնեք. «Հետք»
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ Արցախի հարցի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում նրա փորձառության մասին։
Հարց - Պրն դեսպան, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր: Երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման, այդ տարածքում բնակվելու իր իրավունքի համար: Ձեր վերջին հարցազրույցում Դուք ասացիք, որ Ֆրանսիան մի երկիր է, որը պայքարում է բնակիչների՝ իրենց տարածքներում մնալու իրավունքի համար: Արցախի հարցում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումը:
Ժոնաթան Լաքոտ - Պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որեւէ լուծում չբերեց։ Պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ 21-րդ դարում մենք չենք կարող ընդունել, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց տանը։ Չենք կարող ընդունել, որ նրանք առճակատվեն այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պատերազմը կամ արտաքսումը։ Նպատակը պետք է լինի՝ վերսկսել բանակցությունները եւ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է։
Հարց - Ադրբեջանը Ղարաբաղի հարցը համարում է լուծված եւ ընդգծում, որ Մինսկի խումբը 30 տարի անարդյունավետ է եղել: Համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա: Հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը։
Ժոնաթան Լաքոտ - Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլեւ այդ հայտարարությանը հետեւած մի շարք իրադարձություններով։
Հարց - Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Զուգահեռաբար ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը խոսում են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին: Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում նման պայմաններում:
Ժոնաթան Լաքոտ - Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն։
Հարց - Առաջընթաց կա՞ այս առումով։
Ժոնաթան Լաքոտ - Կարծում եմ, որ հանգում ենք այնպիսի մի պահի, որ կողմերից յուրաքանչյուրը շահագրգռված է վերսկսել բանակցությունները։ Ամեն դեպքում, Հայաստանի կողմից եղել են հայտարարություններ վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով, որը մենք ողջունել ենք։
Հարց - Դուք նույն հակվածությունը տեսնու՞մ եք Բաքվի կողմից։
Ժոնաթան Լաքոտ - Ես Ֆրանսիայի դեսպանը չեմ Ադրբեջանում։
Հարց - Պրն դեսպան, Դուք ասել եք, որ Ֆրանսիայի դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ խաղաղության քաղաքական գործընթացում Հայաստանին ուղեկցելը։ Բայց մենք տեսնում ենք, որ երկու երկրները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը նոր սպառազինություն են ձեռք բերում: Տեսակետ է հնչում, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Ժոնաթան Լաքոտ - Կարծում եմ՝ միամիտ պետք է լինել՝ մտածելու համար, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտի ռիսկ չկա, նոր հակամարտություն հնարավոր չէ։ Սակայն, մեր դերը պետք է լինի ոչ թե պատրաստել կողմերին կամ որեւէ կողմի սատարել նոր հակամարտության դեպքում, այլ ամեն ինչ անել՝ նոր հակամարտությունից խուսափելու համար։
Հարց - Կովկասյան տարածաշրջանում գերտերությունների մրցակցություն կա՞:
Ժոնաթան Լաքոտ - Հարավային Կովկասի համար մեծ հնարավորություն է այն, որ այստեղ համագործակցություն կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։ Դժվարությունները, որ առկա են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, գոյություն չունեն Ղարաբաղի հարցի պարագայում։ Նախագահներ Մակրոնը եւ Պուտինը հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում մի շարք վիճելի հարցերի շուրջ, բայց Ղարաբաղյան խնդրի շուրջ ընդհանրություն կա։
Հարց - Կա՞ Հայաստանում մի բան, որ կկարոտեք։
Ժոնաթան Լաքոտ - Իմ մեկնումից առաջ ես գնալով համոզվում եմ, որ ես վերջնական չեմ հեռանում Հայաստանից, որ կվերադառնամ որպես անհատ։ Եվ մարդկանց ես ոչ թե հրաժեշտ եմ տալիս, այլ ցտեսություն եմ ասում։ Որովհետեւ երբ հեռանում ես երկրից, մարդկանց ես կարոտում, եւ ոչինչ չի խանգարում, որ քո ճանաչած մարդկանց կրկին տեսնես։
Հարց -Ի պաշտոնե դուք չէիք կարող այցելել Արցախ։ Երբ ավարտեք դեսպանի առաքելությունը, իբրեւ շարքային ֆրանսիացի կայցելե՞ք, ունե՞ք նման ցանկություն։
Ժոնաթան Լաքոտ - Ես հատկապես կցանկանամ այցելել խաղաղ Ղարաբաղ, այնպիսի Ղարաբաղ, որի բնակչությունն ապրում է անվտանգ պայմաններում, եւ որտեղ իմ այցը չի դառնա քաղաքական շահարկումների գործիք։
Հարց - Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Ժոնաթան Լաքոտ - Բոլոր հայերին նախեւառաջ կմաղթեմ վստահ լինել իրենց ուժերին։ 2.5 մլն համախմբված եւ վճռական ժողովուրդը կարող է հրաշքներ գործել։ Ամեն ինչ դրսից պետք չէ սպասել, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ պետք չէ կառավարությունից սպասել։ Պետք է հույսը ձեզ վրա դնեք, պահպանեք ազգային միասնությունը։ Հայաստանը պատրաստվում է նշել իր անկախության 30-ամյակը, կարծում եմ՝ պետք է այդ երեսուն տարիների քննությունը հանձնել եւ փորձել նախագծել գալիք երեսուն տարին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները