Միկոնոսյան գերթանկարժեք հանգստից հետո լարվածությունը պետք է անցած լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկը տրվեց Հայաստանի օրհներգով: Այնուհետև վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:
«Ի դեպ, նշեմ, որ հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել: Սա իմիջիայլոց»,- նշեց պատգամավորը:
Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:
Հույս ունեմ, որ հետայսու այդպես չի լինելու: Ինչում եմ հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից, լարվածությունը պետք է անցած լինի:
Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:
Այնուհետև նա հետաքրքրվեց, թե սեպտեմբերի 2-ին Արցախի Հանարապետությունը նշում էր անկախության 30-ամյակը, ինչու ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա՝ այդ թվում ԱԺ նախագահը, չգնացին Արցախ. «Փոխարենը մենք ձեզ ու ՔՊ-ն ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում գերթանկարժեք հանգստավայարում, լողափնյա դիսկոտեկում ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգիստը, Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելո՞ւ վախը, թե՞ այլ պատճառներ կան»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախ պատվիրակություն մեկնել է, եղել է բավականին ներկայացուցչական, դրա հետ կապված այլ մեկնաբանություն չի անի:
«Իսկ ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, դրանք չեմ մեկնաբանի»,- նշեց Աժ նախագահը:
Ա.Մանուկյանն արձագանքեց. «Ստելը մի քիչ դժվար է, քանի որ համացանցում կադրերը կան, թե ինչպես եք ուրախ պարում լողափնյա հանգստավայրում: Դատելով ձեր եկամուտների հայտարարագրից, դուք և ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանայիք:
Խնդրում եմ ասեք՝ որքան գումար եք ծախսել Հունաստանում որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը, պարտավոր եք հաշվետու լինել հանրությանը՝ հատկապես, երբ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կառուպցիայի դեպք»:
ԱԺ Նախագահը կրկնեց՝ իր մասնավոր կյանքը չի մեկնաբանում, ինչպես նաև ստերին, դեղին մամուլին չի հետևում:
«Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս, արդեն իսկ պատգամավոր եք, խորհուրդ կտամ ձեր գործընկերներից լրջության, քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ, ոչ թե փորձել հայտնվել համացանցում իմ անունը օգտագործելու հաշվին»,- ասաց Ալեն Սիմոնյանը: