Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այդ մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հիմնախնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի իրավիճակը Աֆղանստանում և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,- ասել է նա։
Ըստ Զայնետդինովի, նստաշրջանի ընթացքում կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև խաղաղապահությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնք ապահովում են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) գործունեությունը և ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի վերազինումը ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով: Բացի այդ, դիտարկվելու է կազմակերպության 2022 թվականի բյուջեն:
«Հաշվի առնելով ՀԱՊԿ նախագահության փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը 2021-2022 թվականներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը:
Բացի այդ, Դուշանբեում կկայանա ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը:
Ակնկալվում է մի շարք կարևոր քաղաքական հայտարարությունների ընդունում, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների՝ «Աֆղանստանի իրավիճակի մասին» համատեղ հայտարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան