Չմասնակցելով քվեարկությանը՝ ՔՊ-ն տապալեց «Արցախ» անունով ԱԺ հանձնաժողով ձևավորելու առաջարկը
«Եթե նույնիսկ այս իրավիճակում մենք չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր օրենսդրության մեջ և ԱԺ որևէ մի հանձնաժողովի գործառույթում «Արցախ» եզրույթը չկա, ապա, ես կարծում եմ, որ այս խուսափողական, նահանջող գործելակերպը ոչ թե խելամտության մասին է վկայում, այլ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»,- Աժ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը: Նախագծով առաջարկվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:
Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ներկայում տարածաշրջանում կա բոլորովին նոր իրավիճակ Արցախի խնդրի հետ կապված:
Նա պնդեց, որ որպես խորհրդարանական երկիր Հայաստանը պարտավոր է շատ ավելի համարձակ խնդիրներ դնել իր առաջ՝ կարևորելով Արցախի հիմնախնդրին առնչվող բոլոր դրվագները՝ դրանով ազդակ հաղորդելով և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին:
Պատգամավորը, անսալով իշխող խորհրդարանական մեծամասնության՝ կառուցողական աշխատելու մասին խոսքերին, հորդորեց հարցը քվեարկելուց առաջ լուրջ և պատասխանատու մոտեցում ցուցաբերել:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի իրավասության մեջ արդեն կան առաջարկվող հանձնաժողովի գործառույթները և անհրաժեշտություն չկա նման հանձնաժողով ձևավորել:
«Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
Արդյունքում ԱԺ-ն 30 կողմ և 0 դեմ ձայներով չընդունեց «Արցախ» անունը կրող ԱԺ հանձնաժողովի ձևավորման առաջարկը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ողջամիտ կասկած է առաջացել, որ ՔՊ-ն ցանկանում է Արցախից վերջնականապես հրաժարվել և տեղեկացրեց, որ ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովը ոչ մի նիստ չի գումարել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու