ՄԻՊ. Տեղի է ունեցել Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ից։
Քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու իրավունքների հաստատություններ:
Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի և արդյունավետ:
Խոսքով հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը քննարկմանը ներկայացրել է hասարակության իրազեկման ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները և այդ աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։
Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։ Համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ տրամադրում է խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն։
Մյուս կարևոր ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման արշավն է։ Դեմ եմ բռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:
Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ
- ՄԻՊ. Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան