Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:
1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:
Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:
Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։
Դիմերես՝ ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին:
Դարձերես՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը:
Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ/համարակալված
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2021
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան