Դուք հանձնել եք Սանասարն ու Կովսականը, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը. ընդդիմադիր պատգամավոր
«Ազգային ժողովի նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքում, ինչպիսի պայմաններում է առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր այնտեղ կան»,- Աժ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ ցավով է սա արձանագրում, քանի որ ԱԺ նախագահը ՀՀ-ում ի պաշտոնե երկրորդ մարդն է և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարն առհասարակ չգիտի, թե ինչ է կատարվում Սյունիքում՝ ինչպե՞ս կարելի է սա բացատրել:
«Պարոն Սիմոնյանն ասում է՝ մենք ոչինչ չենք զիջել: Վստահ եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ ասվում է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին են գտնվում, բայց հետո հետ են քաշվել նույն ձեր հրամանով, քանի որ Սանասարն ու Կովսականը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար, այո, այդ տարածքները հանձնել են, հանձնել եք Գորիս-Կապան ճանապարհը՝ այն է Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Աննա Գրիգորյանը նաև ասաց, որ տարբեր գերատեսչությունների հարցապնդումներ է ուղարկել Գորիս-Կապան ավտոճանապարհի անվտանգության հետ կապված, միայն ՊՆ-ից է պատասխան ստացել, որտեղ գրված է, որ իր հնչեցրած հարցերը իրենց լիազորությունից անդին է:
«Այսինքն՝ պաշտպանության նախարարությունը մեծ հաշվով պատասխան չունի, իսկ մարզպետն էլ երեկ գնացել ու ասում է, որ այնտեղ ադրբեջանիցներն իրենց տարածքում են դրել ոստիկանական կետ, մի անհանգաստացեք, ռուսներն էլ այնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք, իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք: Մի հատ կողմնորոշվեք և ժողովորդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչ իրավիճակ է և մարդիկ ինչ խնդիրների առջև կարող ենք կանգնել»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Միկոնոսյան գերթանկարժեք հանգստից հետո լարվածությունը պետք է անցած լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին