Չագուչից հետո շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ԿԸՀ-ի նախագահը. Աննա Մկրտչյան
«Եթե մուրճի սպառնալիքով հայերին վախեցնողն, օրինակ, այսօր նստած լիներ դահլիճի ընդդիմադիր հատվածում, կասեր՝ «Եթե ձեզ թվում է, թե այդ բառակույտը արագ ասելով տպավորություն եք թողնում՝ դուք չարաչար սխալվում եք»,-իր ելույթում ԿԸՀ նախագահին դիմելով՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա ցիտեց պատգամավոր Փաշինյանի մեկ այլ հայտարարություն ևս. «Ձեր դաստիարակությունը ձեզ թույլ է տվել մի ամբողջ ժողովրդի ստեք և սուտը փաստեր ներկայացնեք»
Աննա Մկրչյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ անհեթեթ ձևակերպումները չի կիսում, բայց պարտավոր է բարձրաձայնել, որով ցույց է տալիս, թե ինչպես է ժամանակին իրեն դրսևորել ՔՊ առաջնորդը, որը թիրախավորում էր պետությանը մինչև այն ժամանակը, երբ գործի դրեց իր չագուչը:
«Չագուչից հետո շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ԿԸՀ-ի նախագահը, փոխվել են այդ նույն մարդկանց ցանկությունները և հիմա արդեն դուք ԿԸՀ-ի հեղափոխական նախագահն եք, որը աչք է փակում այդ մարդկանց բոլոր տեսակի արարքների վրա»,- հայտնեց պատգամավորը և նկատեց, որ Հայաստանում առաջին անգամ էր, որ պետական համակարգին, նույն ԿԸՀ-ի անդամներին անխնա հալածողները և թիրախավորողները կազմակերպում էին ընտրություն:
Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ իշխանավորների հրահանգով կնիքներ են դուրս բերվել ընտրությանը նախորդող գիշերը, լուսանկարահանվել են քվեախցիկները և տեղադրվել համացանցում, քարոզչություն է արվել այն ժամանակամիջոցում, երբ այն արգելվում էր, բռնությունների միջոցով միտումնավոր վախի մթնոլորտ էր ստեղծվել և այդ ամենի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց, որ Մուկուչյանի զեկույցը կընկալեր, եթե ընտրողների քվերակությունը վերահսկելու տեսանյութերին իրավական ընթացք տրվեր:
«Պարոն Մուկուչյան, ուզում եմ անկեղծ լինել՝ այս խայտառակ իրավիճակից մեր երկրի դուրս գալու լուծումը ամենևին ձեր գործողությամբ, կամ համոզմունքների փոփոխությամբ չեմ պայմանավորում, դրա համար անհիմն լավատեսություն է պետք, որը ես չունեմ»,-հայտարարեց պատգամավորը և Մուկուչյանին խնդրեց ընդամենը հիմնավորել, որ ընտրությունների ժամանակ վախի մթնոլորտ չի տարածվել, բռնության կոչեր չեն եղել և նկատեց, որ ՍԴ-ում իշխանությունը չի կարողացել հերքել այդ մեղադրանքները:
Մկրտչյանը հայտնեց, որ լավատեսական լուր կա և այն հայտնելու է Տիգրան Մուկուչյանի հրապարակած թվերի վրա:
«Հայաստանում 2.5 մլն որոշում կայացնող քաղաքացիներից 1,9 միլիոնը՝ մեր հասարակության գերակշիռ մասը, գիտի մեղավորներին, աղետի պատասխանատուներին և ունի անբեկանելի ցանկություն փոխելու այս խայտառակ իրականությունը»,-հայտնեց Մկրտչյանը և հավելեց, որ ընդդիմությանը մնում է միայն համախմբվել և համակերպվել պայքարի դժվարությունների հետ և ձգտել 1.9 միլիոն լուռ փաստը որոշող դարձնել իրականությունում:
Հարակից հրապարակումներ`
- Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է. Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին