Իշխանական պատգամավոր. Չէի կանխատեսում, որ ադրբեջանցիները կստուգեն մեր երկիր երրորդ երկրից մուտք գործող բեռնատարները
«Պետք է բավարար ինֆորմացիա ունենալ հստակ գնահատականներ տալու համար: Այս պահին հրապարակվածից ավելին չգիտեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ խոսելով Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտանի մոտ իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու և գումար գանձելու վերաբերյալ հարցերին:
Նա հույս հայտնեց, որ իրավիճակը կկարգավորվի, քանի որ ամեն դեպքում անհարմարություն է, որ Հայաստանի՝ Իրանին կապվող միակ ճանապարհի հետ կապված նման խնդիրներ կան:
«Բնականաբար, եթե իրանական բեռնատարները, որոնք գալիս են Հայաստան, ճանապարհին ստուգման են ենթարկվում, դա խնդիր է, որևէ մեկը չի կարող հերքել, բայց սպասենք, տեսնենք, թե իրավիճակն ինչպես է հանգուցալուծվում:
Անգամ եթե գումար չգանձեին, զուտ կանգնեցնելու ու ստուգելու փաստն ինքնին մտահոգության տեղիք է տալիս, նշանակում է լրացուցիչ անհարմարություն, անորոշություն, մտավախություններ, ռիսկեր: Հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ պարզապես կփորձեն խուսափել Հայաստանի ճանապարհով ապրանքներ ներմուծելուց, որևէ մեկի համար հաճելի չէ, երբ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում»,- ասաց Բ. Թունյանը:
Միաժամանակ նա նշեց՝ ամեն դեպքում այնպես չէ, որ այս պահին կա լոկավորված ճանապարհ, այդ ապրանքները, միևնույնն է, հասնում են Հայաստան:
Հարցին՝ որպես իշխող թիմի անդամ, իր համար հասկանալի՞ է՝ ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին հայտնվեց Որոտանի ճանապարհին, անցկակետ դրեց, սկսեց իրանական բեռները ստուգել, գումար գանձել, նա պատասխանեց.
«Ինչքանով ես եմ հասկանում, տեսականորեն հնարավոր էր, որ այդպիսի բան լիներ, քանի որ այդ ճանապարհի մի հատվածն իրենց էր պատկանում, իրենք այդ մասում ունեն մեր կողմի ու ռուսական կողմի հետ պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայություն ունենային, ինչքանով գիտեմ հրապարակված ինֆորմացիայից, բայց որ կլինի այդպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն մեր երկիր մուտք գործող երրորդ երկրից բեռնատարներն ու կստուգեն, նման բան չէի կանխատեսում»:
Հարակից հրապարակումներ`
- Սա հողատուների դեռևս ավագ սերնդի գծած ծրագիրն է. Բագրատ Եսայան
- Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում Ադրբեջանը լկտիանում է. Վահե Հակոբյան
- Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Արթուր Խաչատրյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները