Արցախում անխուսափելիորեն կարող է առաջանալ գնաճ, որն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կանխել․ Նարեկ Ալոյան
Փաստաբան Նարեկ Ալոյանը գրում է․
«Ադրբեջանի մաքսային կոմիտեի կողմից տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության տարածք մուտք գործելիս և ելքի ժամանակ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները վճարում են ճանապարհային հարկ և թույլտվության պետական տուրք։
Վերոնշյալ իրավակարգավորումների հիմքով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա տեղակայված ոստիկանական պահակակետում մաքսային մարմինների ներկայացուցիչներն իրականացնում են համապատասխան գանձումներ Իրանից Արցախ բեռնափոխադրում կատարող տրանսպորտային միջոցներից։
Այսպիսով՝ Արցախ կատարվող բեռնափոխադրումների արժեքն ավելացել է Ադրբեջանի կողմից գանձվող ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարի չափով։
Նման պայմաններում Արցախում անխուսափելիորեն կարող է առաջանալ գնաճ, որն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կանխել կամ զսպել։
Խնդիրն ունի երկու լուծում՝
1․ Արցախի ներկա կարգավիճակը հաշվի առնելով, դիվանագիտական խողովակներով (օրինակ՝ ՌԴ աջակցությամբ) վերացնել Արցախ կատարվող բեռնափոխադրումների համար գործող ճանապարհային հարկը և թույլտվության պետական տուրքը,
2․Մինչև խնդրի հիմնական լուծումը սպասվող գնաճը զսպելու համար ժամանակավոր սուբսիդավորում տրամադրել Արցախի տնտեսվարողներին։
Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ամենօրյա փոփոխություններն, անհրաժեշտ է ստեղծել փորձառու ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՑ և տնտեսագետներից կազմված աշխատանքային խումբ և գիտակից հանրությանը զերծ պահել անորոշության մեջ գտնվելու եղանակով խոշտանգվելու, ինչպես նաև հանցավոր ինքնավստահություն ունեցող առանձին պաշտոնյաների սխալների վտանգից»։